Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններում դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: Այս մասին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար այս կարևոր տոնակատարությանը, որի առիթն ընձեռվել է մեկ դար առաջ, երբ վրաց ժողովուրդը անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու և նորագույն պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն ստացավ»,-ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, հայ-վրացական հարաբերությունների տարեգրությունը հարուստ է եղբայրական ժողովուրդների բարեկամության ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Անհիշելի ժամանակներից ի վեր, բնակվելով կողք կողքի, մեր ժողովուրդները կիսել են միմյանց վիշտն ու ուրախությունը:

Նախարարը նկատեց, որ այսօրվա տոնակատարությունը բացառություն չէ: Խորհրդնշական է, որ հայկական տոնացույցով էլ օրեր հետո նշելու է Հայատանի առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձը: Նա նշեց, որ դարեր շարունակ հայ և վրաց ժողովուրդներն ուս ուսի պայքարել են հանուն իրենց հայրենի հողում ազատ ապրելու, արարելու իրավունքի համար:

«Այսօր մեկ դարյա փորձառությամբ հարստացած և որպես ինքնիշխան պետություններ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին վերահաստատված մեր երկու երկրների հարաբերությունները, դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում և թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ: Ասվածիս վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության նախագհի մասնակցությունը Թբիլիսիում Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական միջոցառումներին: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր ազդակ հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ի շահ մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը: Պատեհ առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ Վրաստանին ու վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում բազում ձեռքբերումներով ուղեկցվող զարգացման վերընթաց ճանապարհ»,-ասաց նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Վրաստանի Պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Վրաստանի Պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը

Gepostet von Armenpress am Samstag, 26. Mai 2018

Տեսանյութեր

Լրահոս