Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի, ԱԱԾ-ի բացահայտումների և «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասին
«Մեր թիմը պատրաստ է աշխատել, մենք աշխատում ենք, մեր ծրագրերն ենք իրականացնում, թե հետագայում ի՞նչ կլինի, երբ կլինի, այն ժամանակ կխոսենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հարցին՝ տրամադրվա՞ծ եք հրաժարական տալ, քաղաքապետն այսպես պատասխանեց․
«Ո՛չ, ես բազմիցս եմ ասել, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից, և մենք շարունակում ենք մեր ծրագրերն իրականացնել»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ԱԱԾ-ի վերջին բացահայտումները քաղաքապետին անհանգստացնո՞ւմ են։ Ի պատասխան՝ Տ․ Մարգարյանն ասաց․«Ինձ թվում է՝ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքներն են կատարում, և եթե ունենք խախտված օրենք, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու»։
Ըստ քաղաքապետի՝ իրենց թիմը հնարավորինս վարել է օրենքի սահմանված կարգով աշխատանքներ։
Դիտարկմանը, թե վերջերս նաև «Յունիգրաֆ-Իքս» ընկերության մասով եղավ բացահայտում՝ Տ․ Մարգարյանն ասաց, որ այդ կազմակերպությունը բաց ընթացակարգով է անցել մրցույթը, ու եթե խախտումներ է արել, դա միայն այդ կազմակերպության պատասխանատվությունն է։
Հիշեցնենք, որ թափառող շների ստերիլիզացման և քնեցման ծառայության ոլորտում աշխատող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը 2009 թվականից ամեն տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցում և հաղթում է՝ ստանալով տարեկան մոտ 100 միլիոն դրամ:
Հարցին՝ հնարավո՞ր է ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին՝ քաղաքապետն այսպես պատասխանեց․«Քաղաքական զարագացումները ցույց կտան, ես բազմիցս եմ ասել,որ ՀՀԿ-ն անվստահություն չի հայտնի քաղաքապետին»։