Բաժիններ՝

ՀԱԷԿ-ի ղեկավարը հույս ունի բարձրացնել աշխատավարձերը գոնե պարգևավճարների հաշվին

Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրենը վստահեցնում է, որ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԷԿ-ի ղեկավար Մովսես Վարդանյանը նշեց, որ պարբերաբար այս հարցը բարձրացվում է աշխատակիցների կողմից: «Այս պահին ունենք 1812 աշխատող, միջին աշխատավարձը 300 հազար դրամ է: Հայաստանի պայմաններում ցածր չի, որոշ դեպքերում կարող ենք համարել բարձր աշխատավարձ: Բայց եթե համեմատելու լինենք մյուս երկրների ատոմային կայանների հետ, իհարկե շատ ցածր են մեր աշխատավարձերը: Մեր աշխատակիցները, շատ լավ հասկանալով դա, անընդհատ բարձրաձայնում են դրա մասին, երկու ամիս առաջ ևս հարցը բարձրացվել է»,- ասաց Մովսես Վարդանյանը:

Նրա խոսքով՝ իրենց կողմից արտադրվող և վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնով հաշվարկված աշխատավարձերի ֆոնդից շեղվել չեն կարող: Եվ քանի որ առաջիկա երկու տարում ՀԱԷԿ-ի աշխատանքներն ավելի երկար ժամանակահատվածով են կանգնեցվելու, որով պայմանավորված պակասելու են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ու աշխատած գումարների չափը, հետևաբար, աշխատավարձի ֆոնդով լրացուցիչ գումար չի նախատեսվում: «Հաջորդ տարիֆի վերանայման ժամանակ ինչ-որ լուծումներ հուսով եմ կգտնենք, գոնե պարգևավճարների տեսքով բարձրացնելու աշխատավարձերը»,- նշեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը:

Ինչ վերաբերում է ճաշարան չունենալու խնդրին, ապա Մովսես Վարդանյանը նկատեց, որ այս հարցն առկա է դեռևս 1995 թվականից, բայց շուտով այն լուծում կստանա: «Այս պահին ճաշարանի վերանորոգումն ավարտված է, սարքավորումները բերվում են, 15 օրից այն պատրաստ կլինի: Ռուսական ընկերությունն է ճաշարանի սպասարկումն իրականացնելու»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս