
Եվրամիությունում ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը

Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation, GDPR), որը կարգավորում է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը եւ օգտագործումը, մայիսի 25-ին մտնում է ուժի մեջ:
Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է ընդունված օրենքին նվիրված պաշտոնական կայքում: Կանոնակարգի նորմաներին համապատասխան՝ այժմ ԵՄ-ի օգտատերերն իրավունք ունեն իմանալու, թե հատկապես ինչպես են օգտագործվում անձնական տվյալները, որոնք իրենք իրենց մասին տրամադրում են Համացանցում:
Նոր կանոններն արտատարածքային են եւ տարածվում են այն գործարկուների վրա, որոնք եվրոպացիների անձնական տվյալները մշակում են ինչպես Եվրամիության 28 անդամ երկրներում, այնպես էլ միության սահմաններից դուրս: Կանոնակարգի խախտմամբ օգտատերերի տվյալների օգտագործման դեպքում նախատեսված է տուգանք ընդհուպ մինչեւ 20 միլիոն եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: