Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի

Հայաստանի առողջապահության նախարարությունում քննարկում են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու հարցը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նոր փոփոխությունը ենթադրում է, որ նման գովազդ իրականացնողները ստիպված չլինեն ամեն կոնկրետ մեդիա նյութի համար թույլտվություն ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից: «Միևնույն ժամանակ, պատշաճ հսկողություն պետք է լինի գովազդի նկատմամբ և դրա պատճառով չվտանգվի մեր բնակիչների առողջությունը»,- նշել է նախարարը:

Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն, համապատասխանաբար, դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս