
Նելսոն Զուլոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Զուլոյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա որոշումը հիմնավորել է նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Զուլոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել առանց բացառության առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին եւ նախարարության ողջ աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար։ «Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի եւ միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար»,-գրել է նա:
Զուլոյանը նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ հաջողություններ ու պատկերացումների իրականացում է մաղթել: