
ԿԺԴՀ-ն վերացրեց իր միակ միջուկային զինափորձարանը. Yonhap

ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում մայիսի 24-ին տեղի է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը: Այդ մասին, հայտնել է Yonhap գործակալությունը: «Զինափորձարանի միջուկային օբյեկտների վերացումն իրականացվել է օտարերկրյա լրագրողների ներկայությամբ»,-նշել է գործակալությունը:
ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից հինգ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի թղթակիցներ էին հրավիրված Փունգերիի շրջանում գտնվող միջուկային զինափորձարանի ապամոնտաժմանը հետեւելու համար: Այս պայմանը երկրի ԱԳ նախարարությունում բացատրել են զինափորձարանի «սահմանափակ տարածքով»:
Փունգերիի միջուկային զինափորձարանի փակման եւ համապատասխան հանրային արարողության անցկացման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: