«Ի՞նչ է լինելու ձեր վիճակը, և ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել ձեր հետ». Էդմոն Մարուքյանը՝ Արթուր Դավթյանին

«Որքան դուք պատասխանում եք մեր հարցերին, ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը»,- այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դատախազն իրենց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ ասել է, որ այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են ենթարկվել իրենց կողմից.

«Այսինքն, ասում եք՝ այդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Պաշտոնյաներն էին մեղավոր էլի, որ այդ մարդկանց քրեական հետապնդման եք ենթարկել, եթե նրանք չլինեն, չի լինի նաև քրեական հետապնդում»:

Նա նաև խնդրեց Ա. Դավթյանին տեղեկություններ տրամադրել, թե «Հաց բերողի» գործով ինչ նորություններ կան, ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու, ՊՊԾ գնդից սկսած՝ մինչև այսօր լրագրողների նկատմամբ բռնության համար քանի՞ մարդ է քրեական հետապնդման ենթարկվել.

Կարդացեք նաև

«Նախորդ հարցուպատասխանի ժամանակ դուք ասացիք, որ քաղաքական էլեմենտի պատճառով՝ ՀՀԿ փոխնախագահի միջնորդությամբ դուք հետ եք վերցրել մեր գործընկերների նկատմամբ ձեր արած միջնորդությունը ԱԺ-ից: Սա խոսում է այն մասին, որ դուք քաղաքական հետապնդում եք իրականացրել, և քաղաքական նկատառումներով էլ հետապնդումը դադարեցրել եք: Դուք ինքներդ ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ո՞նց անենք, ի՞նչ է լինելու ձեր վիճակը, և ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել ձեզ հետ»:

Ի պատասխան՝ Ա. Դավթյանն ասաց. «Թույլ տվեք իմ վիճակի բարդության կամ  պարզության վերաբերյալ դուք հետևություններ չանեք, պարոն Մարուքյան: Եթե դուք հետևություններն անելու եք այն ձևով, ինչպես հարցերը համապատասխան ելակետերը նենգափոխելով եք ներկայացնում, պարզ է, որ դա օբյեկտիվ դիտորդի մոտ ոչ մի պարագայում չի կարող օբյեկտիվ արձագանք ստանալ»:

Ա. Դավթյանն ասաց, որ ինքը չի ասել, որ տվյալ պաշտոնյաներն էին մեղավոր, որ այդ անձինք ենթարկվել ենք քաղաքական հետապնդման: Նա հորդորեց Է. Մարուքյանին նորից լսել իր խոսքը. «Իմ պարզաբանածը շատ պարզ էր ու անկեղծ: Ես ասում եմ՝ մարդիկ իրականացնում էին գործողություններ, կոչեր էին հնչեցնում՝ մատնանշելով կոնկրետ պաշտոնատար անձի: Սա չի նշանակում, որ մարդիկ հետապնդման են ենթարկվել, սա նշանակում է՝ այդ մարդիկ  կատարել չեն հանցագործություն, այսօր էլ այդ մարդիկ այդ նույն կոչերը հնչեցնեն, այդ նույն  գործողությունները կատարեն, դա Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է:

Ես ասում եմ՝ իրադրության փոփոխությամբ պայմանավորված անձանց վտանգավորության և այլ հարցեր քննարկենք: Այս իրադրությունների պայմաններում նվազելու շանսեր ունի վտանգավորությունը, բայց կոնկրետ անձի կոնկրետ դեպքում պետք է քննարկում ունենանք, հանրությունը պետք է երաշխիք ունենա, որ այն անձը, որը դատական նիստերի դահլիճում դեռևս սպառնում է, երբ փոխվի այս անձի խափանման միջոցը, մենք դրսում չենք ունենա այդ նույն արարքի կրկնությունը»:

Ա. Դավթյանն ասաց, որ «Հաց բերողի» գործը դեռևս շարունակվում է, 2016 թվականին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով 8 քաղաքացիական անձինք են դատի տրվել, ինչպես նաև՝ ոստիկանության 4 աշխատակից. «Ինչ վերաբերում է  հարցի վերջին հատվածին, իմ ասածը բացարձակ որևէ քաղաքական կոմպոնենտ չունի: Պետք չէ դա քաղաքականության հետ բացարձակ կապել: Այո, ստեղծվել էր իրավիճակ, որ իմ համար համապատասխան խափանման միջոցի կամ ազատությունից զրկելու ռիսկերը նվազել էին, և ես շատ պարզ մեկնաբանեցի իրավական և քաղաքական ինստիտուտների միախառնման ամբողջ գործընթացը»:

«Պարոն Դավթյան, ես չեմ նենգափոխում, ես ձեզ առերեսում եմ ձեր ասածների հետ, որից դուք ներվայնանում եք»:

Ի պատասխան՝ Ա. Դավթյանն էլ ասաց. «Բացարձակ չեմ ներվայնանում, նույն հանգստությամբ, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով՝ ասում եմ այն, ինչ նախորդ անգամ եմ ասել»:

Տեսանյութեր

Լրահոս