
«ՀՀ-ում իրադրության փոփոխության արդյունքում՝ անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրա վտանգավորությունը». ՀՀ գլխավոր դատախազ

Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Դուք ասում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ասում եք՝ «ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից ինձ հայտնի չէ փաստ, որ որևէ մեկը ճանաչվի քաղբանտարկյալ»: Մենք շատ լավ գիտենք, որ միջազգային կառույցների քաղբանտարկյալ ճանաչելու համար մեծ բյուրոկրատական գործընթաց է տեղի ունենում, և չնայած դրան՝ «Human rights watch» կազմակերպությունը նամակով դիմել էր նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին, որտեղ Գևորգ Սաֆարյանի նկարագրական մասում փաստացի արել է քաղբանտարկյալին բնորոշ ձևակերպումներ:
Ասում եք՝ ով քաղաքական գործունեությամբ է զբաղվում, հենց ինչ-որ բան է անում, ասում են՝ քաղբանտարկյալ է, և այլն: Ադրբեջանում էլ երբ մարդականց քաղբանտարկյալ են սարքում, Քրեական օրենսգրքից ինչ-որ հոդված են կիրառում նրանց նկատմամբ: Վերջիվերջո, ասում եք՝ քաղբանտարկյալ չկա այն պարագայում, երբ վարչապետն ասում է՝ քաղբանտարկյալներ կան, ու այդ կարգախոսի ներքո՝ ժողովրդի ճնշումն այնքան բարձր է լինում, որ քաղաքական մեծամասնությունը ստիպված է լինում իշխանություն զիջել: Արդյոք չե՞ք մտածում, որ Գլխավոր դատախազը պետք է ունենա բարձր վստահության տոկոս, որպեսզի շարունակի իր գործունեությունը, և ի՞նչ պետք է լինի, որ Գլխավոր դատախազը հրաժարական տա, ու ինչո՞ւ դուք հրաժարական չեք տալիս, երբ ակնհայտ է, որ ժողովրդի մոտ այդ վստահությունն այլևս չկա՝ շատ պատճառներից ելնելով»,- հայտարարեց Ա. Սիմոնյանը:
Ի պատասխան՝ Ա. Դավթյանը նախ հորդորեց «քաղբանտարկյալ» տերմինը չօգտագործել, որովհետև վերջին օրերին, ըստ նրա, բոլորն են այդ տերմինն օգտագործում: Նրա խոսքով՝ այդ տերմինն օգտագործում են մարդիկ, որոնք չեն էլ պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը:
«Երբ անձին մեղադրանք են ներկայացնում, այդ մեղադրանքն ունի երկու հատված՝ փաստական կողմ և իրավական կողմ: Փաստական կողմը նկարագրված արարքն է, որը նա կատարել է: Իրավական կողմը՝ դրա համապատասխանությունը քրեական օրենսգրքի որոշակի հոդվածին: Կա այսպիսի կարծիք, որ այդ անձանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն կամ մեղադրանքներն ապօրինի են: Թվարկված անձանց գործերը այս պահին գտնվում են դատարանում, իրականացվում է արդարադատություն, ու արդարադատությունը հենց դրա համար է կոչված: Այսինքն՝ մենք գտել ենք, որ մեր հաստատած մեղադրանքը հիմնավոր է փաստական առումով, և այն համապատասխանում է քրեական օրենսգքրի համապատասխան հոդվածին:
Մենք պաշտպանելու ենք մեր մեղադրանքը, պաշտպանության կողմը ներկայացնելու է իր փաստարկները: Արդարադատություն իրականացնող մարմինը համապատասխանաբար կորոշի: Շատ լավ հասկանալով ձեր հարցի ենթատեքստը՝ ցանկանում եմ հետևյալը բարձրաձայնել, որ, այո, ՀՀ-ում իրադրության փոփոխության արդյունքում՝ անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրա վտանգավորությունը: Այո, իրադրության փոփոխության արդյունքում՝ մենք ունենք քրեական գործեր, հատկապես՝ դատարանի վարույթում քննվող, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման վրա: Այս պայմաններում մենք պետք է ունենանք համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության»,- նշեց Ա. Դավթյանը:
Ա. Սիմոնյանի համար անհասկանալի է Ա. Դավթյանի ասածն իրադրության փոփոխության վերաբերյալ: Նա խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս կարող են քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածները փոխվել, եթե դրանք մեղադրանք են ներկայացված տվյալ անձանց:
Ի պատասխան՝ Ա. Դավթյանն ասաց. «Ոչ մի զարմանալու բան այդտեղ չկա, ես մեջբերեցի քրեադատավարական օրենքի կարագավորումները: Եթե դրանք զարմանալու լինեին, օրենքում տեղ գտած չէին լինի: Մենք ունեինք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստվում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ, անձնավորելով կոնկրետ պաշտոնյաների:
Մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց: Դատավարության ընթացքում կոչեր էին հնչեցնում՝ շարունակելու զենքով զինված գործողությունները: Հիմա ունե՞նք դա: Իրադրության փոփոխության պայմաններում ունենք իրավիճակի փոփոխություն, շատ կարևոր է, որ կոնկրետ անձի վտանգավորությունը հանրության աչքում նկատելիորեն նվազի»: