Տիգրան Մեծից մինչ Նիկոլ Փաշինյան. բոլոր ոլորտների հայտնի հայ դեմքերը՝ մեկ հատորում
Հայկական հանրագիտական բառարանի երկրորդ հատորը լույս է տեսել օրեր առաջ: Այս ծավալուն հատորը ներկայացնում է ամեն ինչի ու բոլորի մասին համառոտ տեղեկություններ՝ սկսած Տիգրան Մեծից մինչ Նիկոլ Փաշինյան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը:
«Դեռ 2010 թվականից նախաձեռնել ենք հանրագիտական բառարան ստեղծելու գործը: Այն հանրագիտական տեղեկատու է: Դրանում եղած նյութն երկու անգամ ավելի է, քան «Հայկական սովետական հանրագիտարանի» տասներեք հատորներում: Երկու հատորում կա մոտ 56 000 եզրույթ: Հանրագիտական բառարանը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը, որը լույս է տեսել 2016-ին, ներառել է «Ա» տառից մինչ «Կինո» տերմինը: Հաջորդ հատորը պետական պատվերով լույս է տեսել օրեր առաջ: Ըստ էության մենք ավարտեցինք հանրագիտական բառարանի հրատարակությունը: Դրանով կարողացել ենք ներկայացնել մեր ներքին կյանքը, փոփոխությունները»,-ասաց Այվազյանը:
Հանրագիտական այդ բառարանում ներկայացված են 5 000 հայ քաղաքական, մտավորական և այլ ոլորտների գործիչների կենսագրություններ: Ներկայացված են բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հայտնի են՝ Մովսես Խորենացուց, Մաշտոցից, Տիգրան Մեծից մինչ Նիկոլ Փաշինյան: Չկա ոլորտ, որի հայտնի ներկայացուցիչները ընգրկված չլինեն: Սակայն ինֆորմացիան շատ մանրամասն չէ, քանի որ տեղեկատվական հանրագիտարանի հոդվածները սովորաբար մանրամասներ չեն պարունակում: Առկա են որոշակի թվային և համառոտ այլ տվյալներ: Բաց են թողնվում կենսագրական մանրամասները, պատմության կամ այդ ոլորտի համար կարևոր, բայց ընդհանուր ճանաչողական իմաստի համար ոչ կարևոր տեղեկությունները, և գրվում է հիմնական նյութը:
Դրանում ներկայացվում են իրադարձային խնդիրները, ողջ աշխարհի հայտնի հանրագիտական տերմինների հայերեն շարադրանքները: «Կան անգլալեզու, ռուսալեզու հանրագիտական բառարանների բոլոր փաստահասկացությունները, ինչպես նաև ավելացված է հայկական նյութ: Այս հանրագիտական բառարանը ամեն ինչի մասին է: Համաշխարհային մշակույթից, պատմությունից սկսած բոլոր ոլորտներն ընդգրկված են դրանում»,-ասաց Այվազյանն ու հավելեց, որ յուրաքանչյուր գրագետ մարդ պետք է այս ամենին ծանոթ լինի:
Նրա խոսքով՝ շատ վաղուց հասունացել էր նոր ազգային հանրագիտարան ստեղծելու խնդիրը: Սակայն դրա համար հսկայական միջոցներ էին անհրաժեշտ: Արդյունքում որոշել են հանրագիտական բառարան ստեղծել, հետո նոր միայն մտածել ազգային հանրագիտարանի մասին: Հանրագիտական բառարանները սովորաբար կազմվում են ազգային հանրագիտարաններ անելուց հետո: «Պետք է նախ դա արվեր, հետո դրա համառոտ տեսակն ամբողջացվեր հանրագիտական բառարանում: Սակայն քանի որ ֆինանսական հնարավորություն չունեցանք, որոշեցինք մեկ քայլ առաջ անցնել և ստեղծել այս համառոտ տարբերակը, որ լիարժեք հիմք է տալիս ստեղծելու ազգային հանրագիտարանի բառացանկը»,-նշեց Այվազյանը:
Հանրագիտական բառարանների երկու հատորները լույս են տեսել 1500-ական օրինակով:
Խոսելով նախատեսվող հրատարակությունների մասին` նա ասաց, որ ներկայում պատրաստվում են հրատարակել երկու հանրագիտարան: «Հայ երաժշտություն» հանրագիտարանը կներկայացնի մեր երաժշտական մշակույթի պատմությունը հանրագիտայնացված հոդվածներով: «Այն ներկայացնելու է հեթանոսական ժամանակների մեր երգերից մինչ մեր օրերի կատարողների, կոմպոզիտորների, օրինակ՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Այս գործում մեզ օգնել են Կոմպոզիտորների միությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԳԱԱ Արվեստի ինստիտուտը»,-ասաց Այվազյանը և հավելեց՝ հայ երաժշտությանը նվիրված հանրագիտարանը լույս կտեսնի այս տարի:
Երկրորդը լույս է տեսնելու եկող տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի նախապատրաստության շրջանակներում: Այն նույնպես շատ արժեքավոր պետք է լինի:
Հանրագիտարաններն ամբողջացնում են ոլորտները: Այվազյանի խոսքով՝ ներկայում կարիք ունենք նաև հայ գրականության, ճարտարապետության հանրագիտարանների: Սակայն դրանք ֆինանսական միջոցներ են պահանջում: