Բաժիններ՝

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ՄԻՊ-ի թեժ գծի հեռախոսահամարը փակցնել բոլոր զորամասերում

ԱԺ-ում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծում կա դրույթ, որով զիծառայողների մերձավոր հարազատները կարող են դիմել ՄԻՊ-ին՝ նրանց խախտված իրավունքները պաշտպանելու համար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն ստեղծվում մեխանիզմներ, որ զինվորները կարողանան ուղիղ դիմել պաշտպանին:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այսպես, թե այնպես յուրաքանչյուր անձ կարող է ուղիղ դիմել ՄԻՊ-ին. «Այստեղ հարցն այն է, որ անձը հնարավոր է չկարողանա դիմել ՄԻՊ-ին, դրա համար մենք հնարավորություն են տալիս, որ զինվորների մերձավոր հարազատները կարողանան դիմել»:

Նախագծի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ իր ելույթում նշեց, որ կա 1-16 թեժ գիծ, որը գործում է անվճար, և յուրաքանչյուր ոք այդ համարով կարող է զանգահարել և իր խնդիրը ներկայացնել:

Ս. Բագրատյանն ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հեռախոսահամարի մասին: Նա վստահեցրեց, որ պատգամավորներից ոչ ոք չի իմացել դրա մասին:

Նա առաջարկեց բոլոր զորմասերում այդ հեռախոսահամարը փակցնել:

Ռ. Մախմուդյանը չհամաձայնեց, որ այդ հեռախոսահամարի մասին պատգամավորները չգիտեն: Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին իրադարձությունների ժամանակ «Ելք»-ի պատգամավորներն օգտվել են այդ թեժ գծից: Նրա խոսքով՝ այդ թեժ գիծը գործում է 2011 թվականից և այն շատ կենսունակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս