
Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

Իրանը պատրաստ է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում: Այդ մասին, ինչպես հաղորդել է Tasnim գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի եւ քաղաքների զարգացման նախարար Աբաս Ախունդին՝ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսի հետ կայացած հանդիպմանը:
«Իրանի պետական ու մասնավոր կապիտալը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման նախագծերին»,-ասել է Ախունդին: Իրանցի նախարարի կարծիքով՝ սիրիական ճգնաժամը մտնում է նոր փուլ, որը թույլ կտա սկսել երկրի վերականգնումը: «Սիրիան անվտանգության վերականգնման ճանապարհին է եւ կարող է գործարկել սեփական ենթակառուցվածքի վերականգնման գործընթացը»,-նշել է նա:
«Դամասկոսը եւ Թեհրանը Սիրիայի վարչապետի եւ Իրանի նախագահի առաջին խորհրդականի մակարդակով աշխատում են համատեղ հանձնաժողովի ստեղծման վրա եւ պատրաստ են փաստաթղթեր ստորագրել ռազմավարական ու երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ»,-հավելել է Ախունդին:
Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով, որն սկսվել է 2011 թվականին, զգալի ավերածությունների են ենթարկվել տասնյակ բնակավայրեր, ինչպես նաեւ երկրի բնակարանային, տրանսպորտային եւ էներգետիկական ենթակառուցվածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: