Գյումրիում սպանությունների գործով կա մեղադրյալ
Գյումրիում մայիսի 17-ին գրանցված սպանություններով արդեն մեղադրյալ կա: Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Դեպքի վայրի զննությանը ներգրավվել է քննչական խումբ և նշված այդ տեղից հայտնաբերվել են պարկուճներ և 1 չկրակած փամփուշտ: «Քննիչի կողմից անմիջապես հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 և 6 կետերով և 235 հոդվածի հատկանիշներով: Այժմ կատարվում են բազմածավալ աշխատանքներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Արդեն գործով կան տվյալներ ենթադրյալ հանցանք կատարած անձի ինքնության վերաբերյալ: Այժմ հետաքննության մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին բերելու համար»,-նշեց Կարեն Գաբրիելյանը՝ փաստելով, որ ըստ նախնական ուսումնասիրության սպանության զենքը եղել է ինքնաձիգ:
«Սպանությունը միանշանակ, կենցաղային հողի վրա է՝ ինչպես սպանվածները, այնպես էլ մյուս կողմը խոսակցություն են ունեցել առիթի հետ կապված, ինչն էլ հանգեցրել է դեպքին: Ըստ գործով եղած տվյալների՝ սպանվածներից մեկը նախկինում սպանության համար դատապարտված է եղել, սակայն սա միանշանակ հաշվեհարդար չէ: Սպանվածները հորեղբոր տղաներ են, բայց սպանվածներն ու ենթադրյալ հանցանք կատարած անձը ազգակցական կապ չունեն: Ի դեպ, եղել է ենթադրյալ հանցանք կատարած 1 անձ: Արդեն իսկ իմ հանձնարարությամբ քննիչը որոշում է կայացրել տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Իմ կողմից նաև հանձնարարվել է այդ անձի նկատմամբ հայտարարել հետախուզում՝ նրան այսօր չհայտնաբերելու դեպքում: Մեղադրյալը Գյումրիից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց դատախազը:
Քրեական գործով պարզվել է նաև մարմինները բժշկական կենտրոն տեղափոխած մեքենայի պետհամարանիշը, սակայն դեռևս վարորդը չի հայտնաբերվել: Գործով կա ականատես գործող անձ, ով հարցաքնվել է: