Բաժիններ՝

«Նոր սերնդի կրթություն». քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնում են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:

««Նոր սերնդի կրթությունը» բաց հարթակ է, որը նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը:

Հավասար և բարձրորակ կրթությունը զարգացման, բարեկեցության ու անվտանգության բանաձևն է, և Հայաստանի համար առանցքային է՝ աշխարհում լավագույն կրթությունը հասցնել յուրաքանչյուրին։ Նույնքան առանցքային է ազգային փոխհամաձայնության միջավայրում այդ համակարգի ստեղծման լուծումների մշակումը հենց Հայաստանում՝ տեղական ներուժի գործարկմամբ»,- նշում են «Թումոյում»:

Հարթակի աշխատանքներն ընթանալու են երկու փուլերով: Առաջին փուլում խորհրդակցություններն ու ճանապարհային քարտեզի նախագծումն է:

Կազմակերպիչները նշում են, որ առաջին քայլի առանցքային սկզբունքները ներառականությունն ու թափանցիկությունն են. խորհրդակցությունների, գաղափարների մշակման ու ճանապարհային քարտեզի նախագծման գործընթացը բաց կլինի բոլոր տեսակի շահագրգիռ կողմերի համար, որպեսզի որևէ գաղափար չանտեսվի, և հեղինակավոր կամ մասնագիտացած դերակատարների ձայները չգերիշխեն նորարարական տեսակետների նկատմամբ։

Ցանկացած անհատ հնարավորություն կունենա հետևելու ու մեկնաբանելու այս գործընթացի աշխատանքը՝ լիակատար թափանցիկությամբ։ Սրա շնորհիվ կապահովվի, որ Առաջին քայլի ընթացքում ձևավորված եզրակացությունները վստահություն ներշնչեն ու օգնեն հասնել ազգային մասշտաբով փոխհամաձայնության և համախմբել մտավոր ռեսուրսներ հաջորդ փուլերի համար։

Երկրորդ քայլում կմշակվեն ծրագրերը: Երկրորդ քայլի առանցքային սկզբունքներն են իրագործելի ծրագրերի մշակման և հստակ դիրքորոշումների կարևորումը. հիմնված լինելով ակտիվ խորհրդակցությունների ու մասնակցային գործընթացների վրա՝ ծրագրի մշակման փուլը չպիտի ձգտի մասնակիցների կողմից կոմպրոմիսներ և ընդհանուր հայտարար գտնելուն։

Փոխարենը, այն պետք է շեշտի ծրագրի խելամիտ մշակման շուրջ ակտիվ հաղորդակցության ու փոխհամաձայնության կայացման կարևորությունը։ Այն պետք է հասնի առաջնահերթությունների ձևավորման, որի արդյունքում ռեսուրսները կուղղվեն կոնկրետ նպատակների։ Առավել կարևոր է այն, որ ծրագիրը պետք է լինի իրագործելի և պարունակի ռեսուրսների բաշխման պլան ու երկարաժամկետ կենսունակության ապահովման ռազմավարություն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս