Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոալիցիա է ձևավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները մտադիր է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձեւավորման՝ Իրանի կառավարության գործունեությանը դիմակայելու համար, որը Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ:

«Միացյալ Նահանգները համառորեն աշխատելու են, որպեսզի բազմաթիվ երկրների մասնակցությամբ ձեւավորեն կոալիցիա, ոչ ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի օրինակով, նպատակ ունենալով իրանական ռեժիմի գործողությունները դիտարկել ոչ միայն իրանական գործարքի ոսպնյակով, այլ նրա բոլոր ապակայունացնող գործողությունների ոսպնյակի միջով»,- նշել է նա: Ընդսմին Նաուերթը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ խոսքը վերաբերում է ոչ թե «հակաիրանական կոալիցիայի» ձեւավորմանը, այլ մի միավորման, որն ուղղված կլինի «իրանական ռեժիմի ու նրա գործողությունների դեմ, այլ ոչ թե Իրանի ժողովրդի դեմ»:

Հարցին, թե որ պետություններն են արդեն համաձայնել մտնել այդ միավորում, նա չի պատասխանել: Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ:

«Ոմանք կարծում են, որ ճնշումը, պատժամիջոցները, սպառնալիքները, ներառյալ պատերազմ սկսելու սպառնալիքը, կարող են Իրանի ժողովրդին ստիպել կապիտուլացվել,-ասել է Ռոուհանին:-Սակայն իրանական ժողովրդի անսասանությունը ցույց է տվել, որ նման դիրքորոշումը խորապես սխալ է»: Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է, որ իր երկիրը «կդիմադրի ԱՄՆ-ի դավադրություններին», որը «թշնամաբար է տրամադրված իրանցիների նկատմամբ եւ նրանց համար խնդիրներ է ստեղծում»:

Ռոուհանին կարծում է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում է «թրամփաֆոբիան»: «Իրանաֆոբիայի փոխարեն, որն ամբողջ աշխարհում տարածում էր ստահոդ քարոզչությունը, այսօր գալիս է «թրամփաֆոբիան»,-ասել է Ռոուհանին:-Այսօր Իրանին բոլորը հարգում են, քանի որ ի դեմս նրա տեսնում են մի երկիր, որը վարում է խաղաղությանը միտված քաղաքականություն եւ կատարում է միջազգային պայմանավորվածությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս