
Պուչդեմոնի զինակիցն ստանձնեց Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը

Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը: Արարողությունը մայիսի 17-ին տեղի է ունեցել Ժեներալիտետի պալատում:
Ավելի վաղ Տարածաշրջանային կառավարության պաշտոնական հանդեսում հրապարակվել էր Տոռայի նշանակման հրամանագիրը՝ ստորագրված Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի կողմից:
Երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի գործողության կապակցությամբ, որը սահմանափակում է տարածաշրջանի ինքնակառավարումը, Կատալոնիայի նոր առաջնորդը նախապատվությունը տվել է կարճ ու զուսպ արարողությանը եւ որոշել է բավարարվել ոչ մեծ թվով հրավիրված անձանցով: Իսպանիայի կառավարության անդամները ներկա չեն եղել հանդիսավոր միջոցառմանը:
Արարողության ընթացքում Տոռան խոստացել է հավատարմորեն կատարել իր պարտականությունները եւ «նվիրված լինել Կատալոնիայի ժողովրդին, որին ներկայացնում է տարածաշրջանի խորհրդարանը»:
Ընդ որում՝ նա չի հիշատակել ոչ միապետին, ոչ Իսպանիայի Սահմանադրությունը: Այժմ տերածաշրջանի ղեկավարը պետք է հայտարարի իր ապագա կառավարության կազմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: