
14-ամյա Արմանի հավելվածը՝ միջազգային ինովացիոն կոնֆերանսում

Մայիսի 17-18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսը: Կոնֆերանսը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:
Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի ստարտափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը: Կոնֆերանսին կլինեն 1000-ից ավելի այցելուներ և մի շարք ներդրողներ: Կոնֆերանսի ընթացքում տեղի է ունենալու նաև Startup Alley մրցույթը:
EMERGE-ին Հայաստանը ներկայացնելու է Թալինի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը և խմբավար Եղիշե Ամիրյանը: Թալինի «ԱրՄաթը» հիմնադրել են Ucom ընկերությունը և World Vision Հայաստանը: Հենց այստեղ էլ Արմանն ու իր թիմակիցները ծրագրավորման հմտություններ են սովորում և կյանքի կոչում սեփական մտահղացումները։
Կոնֆերանսի ընթացքում Արմանը կներկայացնի իր՝ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:
Կոնֆերանսի և մրցույթի մասին 168.am-ի հետ զրույցում Արման Բարսեղյանը նշում է, թե չի կարող պատասխանել, թե ինչ է սպասում մրցույթից, քանի որ չգիտի, թե ինչ մրցակիցներ է ունենալու:
«Մի բան գիտեմ, որ 25 տարեկանից պակաս մասնակիցներ չեն լինելու, այսինքն՝ բոլորից փոքրը ես եմ լինելու»։
Արմանը 14 տարեկան է, 4 տարեկանից սկսել է զբաղվել համակարգչով, Zoomar-ն Արմանի առաջին հավելվածն է:
«Zoomar-ն իրենից ներկայացնում է mobile հավելված, որի մեջ կիրառվում է AR տեխնոլոգիան, հավելվածիս միջոցով հասարակ պատկերները «կենդանանում» են և իրականությունը դարձնում ավելի հետաքրքիր 3D մոդելների համալրման միջոցով»,- պատմում է Արմանը:
Հավելվածը համացանցում հասանելի է գրեթե 1 ամիս, բայց պատրաստման գործընթացը սկսել է 5 ամիս առաջ: Արմանը նշում է, որ ինքը հավելվածը ստեղծել է ինքնուրույն և ոգեշնչվել է հայկական Arloopa-ից:
Սիրարփի Աղաբաբյան