«Երբ ժողովրդական շարժումը սկսվեց, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մարտավարական մոտեցումները բավականին տարբեր էին». ՀՅԴ ԳՄ անդամ

«Երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ կապված ժողովրդական շարժման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որոնք ժողովրդի մոտ առաջացրել էին դժգոհություն. «Դրանց հանգուցալուծումը տեղի ունեցավ ժողովրդական շարժման բռնկումով՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Այս ամենը բերեց վերջին 20 տարվա քաղաքական կուրսի որոշակի փոփոխության: Իհարկե, Փաշինյանը հավաստիացնում է, որ կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենա՝ կապված երկրի անվտանգության հետ: Սակայն պետք է արձանագրենք, որ այս ամենով սկիզբ դրվեց նոր հիմքի, և խնդիրները, որոնք տարիներով լուծում չէին ստանում կամ դանդաղ էր լուծման ընթացքը, այս շարժման միջոցով հնարավորություն տրվեց նոր հանգուցալուծման տանել և փորձել լուծել դրանք»:

Ա. Եղիազարյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն սպասվում, և Հայաստանը հավատարիմ է մնում այն քաղաքական կուրսին, որը մինչ այդ որդեգրել էր. «Կփոխվի խնդիրների լուծման մարտավարությունը, մոտեցումները»:

Հարցին՝ ձեզ գոհացնո՞ւմ է կառավարության նոր կազմը, թե՞ դեռ պետք է աշխատել, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Պետք է աշխատել: Շտապողական կարծիքներ, կարծում եմ, պետք չի: Հաշվի առնելով, որ բավականին անծանոթ, քաղաքական և պետական ոլորտում մեծ կենսագրություն չունեցող մարդիկ են առկա կառավարությունում, բնականաբար, այս անորոշությունները որոշակի հարցեր են ծնում: Բայց եկեք մի քիչ լավատեսորեն նայենք: Այստեղ կարևորն անձինք չեն, այլ այն կուրսը, որը կորդեգրվի կառավարության գործունեության նոր ծրագրով: Ի վերջո, պետք է հասկանանք, որ միայն նախարարներով չէ՝ համակարգերը գործում են, այլ կախված է, թե քաղաքական ինչ խնդիր է դրվելու, և ղեկավար անձը որքանո՞վ է հետևողական լինելու տվյալ կուրսի առաջ տանելուն»:

Կարդացեք նաև

Խոսելով ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու և Ն. Փաշինյանին սատարելու մասին, Ա. Եղիազարյանն ասաց.

«Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: Այն խնդիրներն ու առաջնահերթությունները, որ ունեցել ենք նախորդ իշխանության հետ՝ քաղաքական համագործակցություն ձևակերպելիս՝ դրանք այս նոր իշխանության պարագայում նույնպես տեսնում ենք: Եթե տեղյակ եք, մենք նաև բանակցային գործընթաց ենք ունեցել, հստակեցրել՝ դեպի ուր ենք գնում և ինչքանով կարող ենք նրանց հետ միասին ճանապարհ անցնել: Մեր մտահոգությունները փարատվել են, ինչը նպաստեց, որ նոր շարժման հետ համընթաց գնանք:

Պետք է մեկ բան գիտակցել՝ սա կոալիցիոն քաղաքական գործընթաց է, ամուսնություն չէ ինչ-որ ուժերի, և ինչ-որ մեկը պետք է հարատև մյուսի հետ քաղաքական համագործակցության մեջ լինի: Կար հստակ օրակարգ, կային խնդիրներ, ունեինք պայմանավորվածություն և հավատարիմ էինք այդ խնդիրներին, բայց երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ ավտոմատ կերպով կոալիցիան դադարեց գոյություն ունենալ»:

Ա. Եղիազարյանի գնահատմամբ՝ այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ի հետ ուրվագծել էին, դրանց լուծումն առաջ չէր շարժվում. կա՛մ տեղում էին մնացել, կա՛մ էլ արդեն հետընթաց քայլեր էին նկատվում. «Երբ ժողովրդական շարժումը սկսվեց, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մարտավարական մոտեցումները բավականին տարբեր էին: Հետևաբար՝ նոր իրավիճակում մենք չէինք կարող չկիսելով մեր գործընկերոջ տեսակետը՝ մնալ այդ դիրքում: Մենք ունեինք մեր ինքնուրույն խոսքը, և մեզ ազատություն տալու համար պետք է դադարեցնեինք կոալիցիան, որպեսզի կարողանայինք այն դերակատարումն ունենալ, որն ունեցանք»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, երբ մինչ այդ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը վարչապետի լավագույն թեկածուն է, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց.

«Դաշնակցության համար լավագույն թեկնածուն իր թեկնածուն է եղել: Առկա էր իրավիճակ, որտեղ կոալիցիայի շրջանակում պարտավորվածություն ունեինք և մենք ասել էինք, որ կաջակցեինք այն թեկնածուին, ում ՀՀԿ-ն կառաջադրի, և մենք ուղղակի մեր խոսքի տերն ենք եղել, իհարկե, վերապահում ունենալով, որ նախընտրելի կլիներ մեր թեկնածուով հանդես գալ: Սակայն, քանի որ մենք այդ շրջանում, առանց անուն նշելու, հայտարարել էինք, որ կաջակցենք ՀՀԿ-ի առաջադրածին, այդպես էլ արեցինք, և Սերժ Սարգսյանին առաջադրելը նրանց որոշումն էր»:

Տեսանյութեր

Լրահոս