«Նորանշանակ ոստիկանապետին խանգարելու է Գասպարյանի ստվերը». ԱԱԾ պետի նախկին տեղակալ
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նորմալ է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանին՝ ԱԱԾ պետի, և Վալերի Օսիպյանին՝ Ոստիկանության պետի պաշտոններում նշանակելու փաստը: 168.am-ի հետ զրույցում Գ. Եղիազարյանը նկատեց, որ Ն. Փաշինյանը լիիրավ կարող է այդ խնդրին լուծում տալ:
«Այսօր, վաղը, մյուս օրը նա է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Առաջին և վերջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա լիիրավ անցել է իր պատասխանատվությունների կատարմանը: Ինքը պետք է որոշի, և ոչ՝ այլ մեկը: Եկեք հարգենք նրա որոշումը: Այսօր շատ ավելի ծանր իրավիճակ է, քան՝ ապրիլի 23-ին, 24-ին, շատ ավելի ծանր իրավիճակ է, քան մայիսի 1-ին, երբ նա չանցավ ԱԺ-ում: Այսօր մենք գտնվում ենք մի հարթության վրա, երբ երկրի ողջ պատասխանատվությունն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին: Դա շատ մեծ ծանրություն է:
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ լավ տրամաբանել գիտի: 10 տարի շարունակ ինչ ասես՝ չասեցինք, ոնց ասես՝ չասեցինք, գնացինք, նստեցինք, դուրս եկանք, ոչ մեկին չհաջողվեց, իրեն հաջողվեց, չէ՞: Մենք մեծ փորձանքից պրծանք, էդ մարդը չէր հասկանում՝ ուր էր տանում երկիրը: Սերժ Սարգսյանի գնալով՝ մենք պրծանք երկիրը կորցնելուց: Հիմա նոր մարդ է եկել: Խայտառակ իրավիճակում գտնվող երկիր է ընդունել, հիմա համբերատար սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու: Թող ինքն ընտրի մարդկանց, որոնց հետ ճանապարհ է գնալու, ինչի՞ է պետք մեկին ընտրի, որի հետ պետք է երկու օր հետո բախում լինի: Եկեք ողջունենք այդ քայլը»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ Դուք՝ որպես այդ համակարգում աշխատած անձ, ի՞նչ կարող եք ասել՝ այդ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը որքանո՞վ է կախված անձերից, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց.
«Այո: Ցանկացած անձից կախված է, ու այսօր պետք է աշխատեն 10-12 ժամ, այդ 8 ժամվա մասին պետք է մոռանան: Լրջագույն խնդիրներ կան լուծելու: Որպեսզի պատկերացնենք՝ մենք ուր ենք գնալու, բավական է ուղիղ լսել Վահրամ Բաղդասարյանի խոսքն ԱԺ-ում: Այ, դա է պատրաստվում ՀՀ-ի համար: Պետք է լրջագույնս ցանկացած մարդ իր տեղում աշխատի, հակառակ դեպքում՝ ոչ մի բան չի ստացվի: Եթե այդպես չլինի, մեկ ամիս հետո լրջագույն խնդրի առաջ կկանգնենք: Հիմա թող ընտրի իր թիմը, ում ցանկանում է, և դրանով առաջ գնա: Թե չէ՝ պարտադրված մարդկանցով ոչինչ չի ստացվի:
Պետք է միտված լինեն Հայաստանը կառուցելուն, իսկ հիմա դրա համար լավագույն պայմանն է ստեղծված: Մի բան երբեք չեմ կարող ուրանալ. Նիկոլը Հայաստան ժպիտ բերեց, մարդիկ իրար չեն ատում, մենք բոլորս իրար ատում էինք, այդ գաղջ մթնոլորտը տարածվել էր բոլորիս վրա, նա ժպիտ բերեց, և այս ժպիտը պետք է խրախուսվի լավագույն աշխատանքով»:
Հիշեցմանը, որ այդ նշանակումներին հետևեցին բազմաթիվ քնադատություններ առ այն, որ նշանակվել են համակարգում աշխատած այնպիսի անձինք, որոնք մի շարք դեպքերում նույնպես ասոցիացվել են բացասական երևույթների հետ, Գ. Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Ես մի բան ասեմ. Վլադիմիր Գասպարյանի մասին թյուր կարծիք է ստեղծված մամուլում: Վլադիմիր Գասպարյանը լրջագույն կրթությամբ լուրջ մասնագետ էր, շատ քիչ մարդ է նման կրթություն ստացել համակարգում: Ես չեմ գտնում, որ մենք ունենք աշխարհով մեկ մի ոստիկանություն, որն արդարության գրավականն է: Նման բան գոյություն չունի: Հիմա, նորանշանակ ոստիկանապետին խանգարելու է Գասպարյանի ստվերը, որը մնացել է այդ ոստիկանությունում:
Որպեսզի շատ արագ դա հաղթահարի, որովհետև արդեն որոշումը կայացված է, և նա ոստիկանապետ է, առանց ամաչելու՝ թող ընտրի մարդկանց, ովքեր իրեն խորհրդատու կլինեն, խոսքն ինձ չի վերաբերում, թող սխալ չհասկանա: Որովհետև ծառայությունը ոստիկանության մի հատվածն է, և պետք է ասել, որ թույլ հատվածն է, իսկ գլխավորը՝ օպերատիվ հետախուզական հատվածն է, որը պետք է կանոնակարգի մեր ներքին կյանքը և ոտնձգություններ թույլ չտա դեպի քաղաքացին:
Ես նրան հաջողություն եմ ցանկանում, թող ուղղակի ականջալուր լինի խորհուրդներին, լրջագույնս վերաբերվի խնդիրներին: Ես տեսել եմ, որ Վալերի Օսիպյանը վատ ծառայող չէր, նա միայնակ էր այդ լուծը տանում, ծառայության բնագավառում նա ինքն իրեն վերադասավորեց, կարողացավ հետաքրքիր քայլ անել: Ես ցանկանում եմ, որ այդպես վերադասավորվի օպերատիվ գործունեության մեջ, որովհետև ոստիկանության հիմնական ուժը, հմայքը օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացումն է: Ես հաջողություն եմ նրան ցանկանում»: