Կձախողվի՞ ժամանակավոր կառավարությունը, թե՞ ոչ

«Նիկոլի կառավարությունը «պռավալ» է տալու տնտեսությունը», «Նիկոլը պատկերացում չունի՝ ինչպես կառավարել երկիրը», «Նիկոլը թիմ չունի, կադրեր չունի», «Մի քանի ամսից մարդիկ երանի են տալու ՀՀԿ-ին»… Համոզված եմ՝ նման կարծիքներ լսած կլինեք այս օրերին։

Ոմանք հավատում են այս կարծիքներին ու ավելի հեռուն գնացող վերլուծություններ անում։ Մոտավորապես այս տիպի՝ ՀՀԿ-ն երկրի կառավարումը թողեց Նիկոլ Փաշինյանի թիմին, ձեռքերը լվաց, պատասխանատվությունն ամբողջությամբ թողեց նրա վրա։ Մի քանի ամիս կամ մեկ տարի անց՝ մինչև արտահերթ ընտրություններ, տնտեսությունը լուրջ դժվարությունների մեջ է հայտնվելու։ Հետո հայտնվելու են իրենք՝ նախկինները, և ասեն՝ տեսա՞ք ինչ եղավ, բա որ ասում էինք։ Ժողովուրդն էլ խոսք ունի՝ մինչև չգա նորը, չի հիշվի նախկինը։ Ու այդ ժամանակ նորից հիասթափված ժողովուրդը նախկինը կրկին կբերի իշխանության։

Որքանո՞վ է այդ սցենարը հավանական, ու որքանո՞վ են հիմնավոր այն մտավախությունները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողվելու է։ Մինչ այս հարցին պատասխանելը՝ եկեք ավելի ետ գնանք ու պարզենք, թե ինչո՞ւ են այլևս արդեն նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերը վստահ, որ ձախողման ենք գնում։

Իշխանությունը և որոշ վերլուծաբաններ շրջանառել են այն միտքը, որ, եթե հանկարծ իրենք չլինեն, ամեն ինչ «վարի կգնա»՝ թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության մեջ։ Որոշակիորեն հորինվել է սեփական անփոխարինելիության միֆ՝ սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած առանձին պաշտոնյաներով։ Ու կեղծ ռիսկ, որ ժողովուրդը սխալմամբ կարող է ընտրել արկածախնդիր մեկին՝ որպես երկրի ղեկավար, որը կարող է ամեն ինչ փչացնել ու կործանել Հայաստանը։ Ու որպեսզի ժողովուրդը չսխալվի, անհրաժեշտ է երբեմն «ճշգրտել» ժողովրդի քվեն՝ Հայաստանը պոտենցիալ վտանգներից ետ պահելու համար։ Այդ միֆն այնքան երկար է աշխատել, որ իշխանությունն ինքն էլ սկսել էր հավատալ դրան ու անկեղծորեն մտածել, որ ընտրությունների կեղծելն անհրաժեշտ է՝ հանուն երկրի։ Անգամ հասարակության մի որոշ հատվածն էր սկսել հավատալ, որ ներկա իշխանությունները լավը չեն, բայց այլընտրանքն է՛լ ավելի վատն է։

Կարդացեք նաև

Արդյունքում, իշխող քաղաքական ուժի կեցվածքը տարիներ շարունակ եղել է այսպիսին՝ մենք ամեն ինչ բոլորից լավ գիտենք։ Ընդդիմության, այդ թվում՝ «Ելք» դաշինքի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների 80%-ին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։ Մի դեպքում՝ առաջարկը համարվել է անիրատեսական և այս պահին ոչ նպատակահարմար, մեկ այլ դեպքում՝ նշվել է, որ դրա ազդեցությունը պետբյուջեի եկամուտների վրա բացասական է, և այլն…

Երբեմն կատակով ասում էին, որ Հայաստանի կառավարումը համակարգչի նման չէ, որ սխալ անելուց հետո undo անես և սկսես նոր էջից։

Հիմա ամեն ինչ փոխվեց։ ՀՀԿ-ն ստիպված իշխանության ղեկը թողեց՝ բացեիբաց հայտարարելով, որ իրենց կարծիքը չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ աշխատել որպես երկրի ղեկավար և խնդիրների առաջ է կանգնեցնելու երկիրը։

Նախ սկսենք նրանից, որ անփոխարինելի մարդիկ չկան՝ սկսած երկրի առաջին դեմքից։ Եթե երկրի առաջին դեմքն իրոք անփոխարինելի է, ուրեմն այդ երկիրը լուրջ խնդիր ունի՝ անվտանգության հետ կապված։

Երկրորդ, ոմանք սխալմամբ «Նիկոլ Փաշինյանի թիմ» ասելով՝ պատկերացնում են միայն նրա հետ միասին հարթակին կանգնածներին։ Սա խորը մոլորություն է, որովհետև նոր իշխանության թիմը իրականում հարյուր-հազարավոր մարդիկ են՝ պետական ու մասնավոր հատվածի աշխատողներ, գիտնականներ, արհեստավորներ, ուսանողներ ու դպրոցականներ։ Սա մտքի հսկայական շտեմարան է, որը կարող է գեներացնել այնպիսի գաղափարներ ու լուծումներ, որ դժվար է պատկերացնել։ Պարզապես պետք է մարդկանց լսել ու խոսել նրանց հետ։ Պետք է մթնոլորտն այնպիսին լինի, որ մարդիկ ցանկանան արտահայտվել ու մտավախություններ չունենան՝ իրենց տեսակետներն ու լուծումներն անկաշկանդ ներկայացնելուց։

Բավական է մարդկանց հնարավորություն տալ ինքնադրսևորվելու, և նույն այդ «անարդյունավետ» պետական կառույցների աշխատակիցներից այնքան լուծումներ կառաջարկեն, որ կարելի է զարմանալ։

Գործի բերումով՝ բազում անգամներ մասնակցել եմ տնտեսական թեմաներով ամենատարբեր քննարկումների՝ տնտեսական մրցակցության, հարկային, մաքսային և այլ թեմաներով։ Գրեթե միշտ դրանց մասնակցել են նաև պետական համակարգի ներկայացուցիչներ։ Ինձ համար այդ քննարկումների ամենաէֆեկտիվ մասը եղել է սուրճի ընդմիջումը, երբ սուրճդ վերցնում ես ու գնում ծխելու համար նախատեսված տարածք, որտեղ միայնակ կանգնած է պետական որևէ գերատեսչության աշխատակիցը։

Այդտեղ միկրոֆոններ չկան, այդտեղ լրագրողներ ու խցիկներ չկան, ու կարելի է անկեղծ խոսել։ Ու մի երկու խոսք փոխանակելուց հետո հասկանում ես, որ այս մարդիկ խնդիրները քեզնից լավ գիտեն։ Ավելին, եթե դու տեսնում ես միայն այսբերգի գագաթը, նրանք տեսնում են ստորջրյա հսկայական մասը։ Նա նաև քեզնից լավ գիտեն՝ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։ Բայց նաև գիտեն, որ այդ լուծումն անհնար է՝ ներկայիս համակարգում։

Դրա համար էլ նման մարդիկ չեն խոսում, որովհետև նրանց առաջարկած լուծումները կարող են տրորել ինչ-որ մեկի ոտքը, ու նման «հանդգնության» համար կարելի է կորցնել աշխատանքը։ Իսկ գիտե՞ք ինչու Հայաստանում իրականացված բարեփոխումներն արդյունավետ չեն եղել։ Որովհետև բարեփոխումների նախաձեռնողները փորձել են մի կողմից՝ բարելավել երկրի վիճակը, մյուս կողմից՝ չդիպչել որոշ խմբերի անձեռնմխելի շահերին։ Միշտ փորձել են համատեղել երկրի շահն ու ինչ-որ խմբերի շահը, դրա համար ամեն ինչ ստացվել է կիսատ-պռատ։

Մի վերջին օրինակ էլ բերեմ. ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ մի գրառում էի արել՝ շաքարի շուկայի մենաշնորհի թեմայով։ Խոսքն այն մասին էր, որ միայն շուկայի մուտքի արգելքը վերացնելը բավարար չէ, որովհետև ներկայիս մոնոպոլիստն ունի մեծ մրցակցային առավելություններ՝ մեծ ծավալներ, մատակարարման ցանց, գործարան (որը թույլ է տալիս զրոյական մաքսատուրքով հումք ներմուծել) և այլն։ Մենաշնորհը վերացնելու համար այլ քայլեր է պետք անել՝ ընդհուպ լուրջ օրենսդրական փոփոխություններ։

Գրառման տակ ակտիվ քննարկում էր ծավալվել, որին մասնակցում էին նաև լուրջ մասնագետներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, անկախ փորձագետներ, գործարարներ ու պարզապես շահագրգիռ մարդիկ։ Առաջարկները բազում էին, մեկը մյուսից հետաքրքիր ու քննարկելու արժանի։ Մարդիկ արտահայտվում են, որովհետև կարծում են, որ իրենց կարծիքն այս պահին կարևոր է, և անկեղծորեն ցանկանում են իրենց նպաստն ունենալ։ Մնում է պարզապես այդ հսկայական պոտենցիալը մշակել և ուղղորդել ճիշտ հունով։

Տեսանյութեր

Լրահոս