«Գիշերվա կեսին՝ քնած տեղներս, առնետները մեր վրա ման են գալիս». Գյումրու բնակիչ

Գյումրու Լևոն Մադոյան փողոցի թիվ 53 տան բնակիչ Արևիկ Ասատրյանն անտանելի պայմաններում է ապրում:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով 3 սենյականոց բնակարան և հայրական օջախի բոլոր հարազատներին կորցրած տանտիրուհու խոսքով, իրենք թեև անօթևանների ցուցակում ընդգրկված են, սակայն նոր բնակարան իրենց չեն հատկացրել՝ պատճառաբանելով, որ բնակվելու համար բնակարան ունեն:

Տանտիրուհին 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց 100-ամյա տունը հիմնանորոգման կարիք ունի.

«Առնետները պատի մի ծերից մտնում, մյուս ծերից դուրս են գալիս: Գիշերվա կեսին՝ քնած տեղներս, առնետները մեր վրա ման են գալիս: Հնարավոր չէ ըդոնց հետ լիզու գտնել. թույն էլ դրեցինք չօգնեց, թակարդ էլ դրեցինք, չօգնեց: Ստիպված մենք փետով, ավելով, ինչ ձեռքներս կընկնի, կսատկցնենք: Օրական 1-3 հատ կվերացնենք, բայց քանի որ վիճակը կվատնա՝ կռիսները մեզի հետ հանգիստ կապրին: Էն ակնկալիքն ունիմ, որ պետությունն ընձի կարողանա ապահովել կամ շինանյութով օգնեն, բնակարանը հիմնանորոգվի:

Կարդացեք նաև

Մե օրմ էս պատալոկը կփլվի մեր վրա: Վերջը մեր տունը մատղաշ էրեխա կա, էդ էրեխին փրկություն պետք է, թե չէ: Ուղղակի ես կխնդրեմ, որ բարի մարդիկ ընձի օգնեն:

Ես տան հույս չունիմ, չեմ պատկերացնե, որ ընձի տնով կապահովեն, բայց գոնե բարի մարդկանց միջոցով էս տունը վերականգնվի, էս խավարից դուրս գանք: Մենք խավարի մեջ կապրինք, արևի կարոտ ենք, խոնավությունից, բորբոսից մենք մեզնից կզզվինք»:

Տանտիրուհու խոսքով՝ 1 դար, 100 տարվա կյանք ունեցող, 3-4-րդ կարգի վթարային տան մեջ բնակվել այլևս հնարավոր չէ.

«Մենք մայթն ենք վերցրել, որպեսզի մեզ բավարարի: Մարզպետարանն էլ է տեղյակ, քաղաքապետարանն էլ, որ ֆոնդի տուն է, դրան կից կառուցված ապօրինի շինություն կա, ուստի հրաժարվում են բնակարանային բարելավում կատարել»:

Կնոջ պատմելով՝ ինքն առողջական շատ վատ վիճակում է գտնվում, շաքարային դիաբետ ունի, արյան մեջ շաքարը շատ բարձր է:

«Տան մեջ ես, ամուսինս, տղես և թոռս կապրինք: 61 տարեկան եմ, թոշակ չեն տա, կամիսիան հաշմանդամության կարգ տալու համար 500 դոլար փող գուզե, որ թոշակ տան: Ես իրանց սել եմ, որ շաքարս նույնիսկ մինչև 530 կելնի, կոմայի մեջ կընկնիմ: Պոլիկլինիկայից ինսուլին կստանամ: Պոչկեքս լավ չէ, լյարդի լայնացում ունեմ, տեսողությունս, սրտիս վիճակը հեչ լավ չէ: 20 տոկոսանոց մարդ եմ մնացել: Երեխուս էլ ես կպահեմ:

Տարեց կնոջ պատմելով՝ ընտանիքի մայրը երեխային թողել և հեռացել է սոցիալական վատ պայմանների պատճառով, դա է պատճառը, որ երեխային 2 տարեկանից ինքն է պահում:

Վերջինիս դուստրն ամուսնացած է, երկու որդի ունի, նա նույնպես անապահով պայմաններում է ապրում»:

Նկարագրելով տան վիճակը, որտեղ ընտանիքով բնակվում են, Ա.Ասատրյանը նշեց, որ երկրաշարժ տեսած տուն է, պատերին սվաղ չկա, գերանները կախված, փտած են: Այս կարգավիճակով են իրենք ապրում.

«Շատ խոնավ է: Հլը լավ է, էս եղանակին դուռը բաց կթողնինք, բայց գարշահոտության մեջ կխեղդինք: Իմ ձենս տեղ չի հասնի: Բարձրաձայն էլ, որ բողոքեմ, բերանս սկոտչենկը, ըմպես կփակեն, որ վապշե շնչել էլ չեմ կարողանա: Ես չեմ պատկերացնե, որ Հայաստանում էս պայմաններում մարդիկ ապրին: Վերջը մարդ են, գիշատիչը, որը գազան է, վանդակների մեջ կապրի, չոր տեղ գուզե, որ պայմանները նորմալ լինեն: Երևի Աֆրիկայի նեգրերը մեր պայմաններում չապրին, ինչ մենք»:

Արևիկ Ասատրյանը նաև բողոքում է, որ Գյումրիում մարդկանց աշխատելու հնարավորություն չեն տալիս, ուստի քաղաքի աշխատող ուժը դրսում է գտնվում:

Իրեն էլ չի հաջողվում տունը վաճառել, քանի որ նույնիսկ տնակի գին՝ 1500 դոլար էլ չեն տալիս:

Գյումրու քաղաքապետարանում էլ նշել են, որ բարելավման հարց լինի՝ առաջին հերթին տնակների մասին են մտածելու:

Տարեց կնոջը չի աջակցել նաև վարչապետը, որևէ նախարար:

Սոցիալապես անապահով պայմաններում բնակվող ընտանիքին նաև նպաստ չեն տալիս.

«Մատների արանքով կնայեն մեզի պես մարդկանց: Գյումրիում դիաբետիկ հիվանդին կնայեն՝ որպես վերջի մարդը: Պիտանի չենք ո´չ մարդկությանը, ո´չ բժշկությանը: Կսեն՝ գնացեք, աշխատանք գտեք: Հմի ինչքան դժվար է աշխատանք գտնելը: Չգիտեի, որ գործարան կաշխատի, ես էլ թևերս ծալած, նստած եմ: Աշխատանք էղներ՝ ես կաշխատեի, չնայած հիվանդ եմ, բայց աշխատանքի որոշ չափով ունակ եմ: Թե չէ էս որբ երեխուն ես ի՞նչ պահեմ»:

Ծայրահեղ վատ վիճակում գտնվող այս ընտանիքը գոյատևում է ամսական ընդամենը 15000-20000 դրամ գումարով:

«Խնդրեմ, գնանք խանութ, մենակ 80000 դրամ ես խանութին եմ պարտք: Ըսիկ ոչ թե ապրելակերպ է, այլ մեռած ենք, վրեքս հող լցնող չունինք»,- պատմում են նրանք:

Արևիկ Ասատրյանը շատ վատ է զգում, որ մեր երկիրն այս վիճակում է գտնվում:

Տարիներն անցնում են, խորանում է նաև իր հիվանդությունը.

«Իմ շաքարս արդեն վերջին ստադիան է: 10-12 տարի դեղ խմեցի, չօգնեց: Հմի ինսուլին կսրսկվիմ, օրական 3-4 անգամ: Սրտի դեղ էլ է պետք: Ոտքերս կուռի, ճնշում ունիմ, լյարդս լայնացած է, մե պաշկա դեղը 8000 դրամ է, սիրտս առիթմիա ունի: Ես էլ ի վիճակի չեմ՝ հաց առնի՞մ, էրեխուն պահե՞մ, թե՞ ընձի դեղ առնիմ…»:

Տարեց կնոջը զայրացնում է այն հանգամանքը, որ ամեն քայլափոխի հյուրանոց են բացում, որոնք իրականում մարդկանց աշխատատեղերով ապահովելու համար չեն կառուցվում, այլ դրանց տերերի սեփական շահերի համար:

Հավելենք, որ, ինչպես վերևում նշեցինք, Արևիկ Ասատրյանը խնդրում է, որպեսզի օգնեն իր ընտանիքին աշխատանքով և բնակարանով ապահովելու կամ իրենց տունը հիմնանորոգելու հարցում:

Այդ նպատակով վերջինիս խնդրանքով հրապարակում ենք նաև իր բջջային հեռախոսահամարը՝ 077306810:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս