
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փոխգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։
Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ տարբեր բնագավառներում Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կապրեն շարունակական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:
Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը: