
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել են առևտրական հակասությունների կարգավորման մեխանիզմ ստեղծել. «Սինհուա»

Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության են հասել առեւտրատնտեսական առանձին հարցերի շուրջ:
Ինչպես ասված է «Սինհուա» գործակալության՝ մայիսի 3-ին հրապարակված հաղորդագրության մեջ, կողմերը համաձայնել են ստեղծել այդ ոլորտում հակասությունների կարգավորման հատուկ մեխանիզմ:
«Կողմերն ընդունել են, որ առանձին հարցերի վերաբերյալ գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ, ինչն ավելի ակտիվ աշխատանք կպահանջի դրանց շուրջ առաջընթացի հասնելու համար: Նրանք նաեւ համաձայնել են շարունակել սերտ շփումները, ինչպես նաեւ ստեղծել համապատասխան աշխատանքային գործիք»,-նշվում է հաղորդագրության մեջ:
«Երկու կողմերն ընդգծել են Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման մեծ կարեւորությունը եւ դրանց կարգավորման ջանքեր են ներդնելու երկխոսության եւ խորհրդակցությունների ուղիով»,-նշել է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: