«Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ իրենից բացի՝ ուրիշ վարչապետ չպետք է լինի». Արարատ Միրզոյան
«Մենք հասանք մի կետի, երբ հնի դիմադրությունը սկսում է վնասել մեր պետականությանը։ Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ իրենից բացի՝ ուրիշ վարչապետ չպետք է լինի, հենց դա նկատի ունեի ես, երբ ասում էի, որ Նիկոլից բացի՝ այլ թեկնածուի օգտին քվեարկելը հարվածելու է պետականությանը»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը։
Նա ողջունեց բոլոր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի պատրաստակամությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին, չհակասելու պետության շահերին. «Ես սրտանց ողջունում եմ նրանց։ Մենք քաղաքական վենդետա չենք անելու, գնալու ենք համերաշխության ճանապարհով, դա է մեր երկրի ճշմարիտ զարգացման ճանապարհը։ Կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք պետք է շարունակեն ծառայել մեր հայրենիքին։ Մենք ներգրավելու ենք նոր մասնագետներ՝ ներսից, դրսից. ովքեր հիասթափված գնացել են, նրանք պետք է գան, ծառայեն ՀՀ-ին»։
Ինչ վերաբերում է իրենց անելիքներին, նա ասաց. «Մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, ցուցաբերելու ենք հավաքական կամքը, որը բացակայել է այս տասնամյակների ընթացքում»։