«ՌԴ-ն միանշանակ չի ընդունի, եթե որևէ մեկը փորձի բռնի կերպով փոխել գործընթացը՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից». Կոնստանտին Զատուլին

«Թե ինչու ենք մենք եկել, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, որովհետև մենք անտարբեր չենք տեղի ունեցողին։ Եվ ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես մտադիր չենք միջամտել հարցին, թե ով է ավելի լավ, կամ վատ, ով ավելի հարմար կլինի՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու։

Մենք անհանգստացած ենք նրանով, թե ինչ է կատարվում Ռուսաստանի հետ կապ ունեցող երկրում, որի հետ կապված ենք ռազմաքաղաքական պայմանագրով, երկրում, որտեղ ռուսական բիզնեսը գլխավոր ներդրողն է, երկրում, որտեղ, ի վերջո, գտնվում են մեր զինծառայողները՝ ինչպես Գյումրիի ռազմաբազայում, այնպես էլ՝ հայ-թուրքական սահմանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ըստ նրա՝ շուտով հանդիպելու են Կարեն Կարապետյանի հետ, որին իրենք կցանկանային աջակցել՝ որպես այսօրվա վարչապետի պաշտոնակատարի, քանի որ իշխանությունը պետք է գործունակ լինի։

Կ.Զատուլինը վստահեցրեց, որ անկեղծ անհանգստացած է տեղի ունեցող գործընթացներով և հուսով է, որ ելքը կգտնվի իրավական, սահմանադրական ճանապարհով. «Մեզ անհանգստացնում է միայն դա և, իհարկե, ռուս-հայկական հարաբերությունները»։

Կ.Զատուլինը նշեց, որ իրենք հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ, ցավոք, «Ելքի» պատգամավորները չեն եկել հանդիպման այն կազմով, ինչ իրենք կցանկանային, Արարատ Միրզոյանն է պատասխանել հարցերին և տեղեկացրել, որ խմբակցության մյուս անդամները նեղված են երեկ Նիկոլայ Ռիժկովի թույլ տված արտահայտություններից.

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել բոլորի հետ քննարկել Հայաստանում իրադրությունը»։

Հարցը, թե՝ ո՞վ է թույլ տվել Նիկոլ Ռիժկովին՝ Նիկոլ Փաշինյանին հիմար անվանել, Կ.Զատուլինը խորհուրդ տվեց ուղղել անձամբ Ռիժկովին, եթե նա հաստատում է իր այդ խոսքերը, իսկ ինքն անձամբ ներկա չի եղել այդ հանդիպմանը.

«Ես այստեղ չեմ պատրաստվում որևէ մեկին արդարացնել կամ ներողություն խնդրել ինչ-որ մեկի փոխարեն, մենք բոլորս մեծ մարդիկ ենք։ Ես կարծում եմ, որ երեկ Նիկոլայ Ռիժկովը, ով արդեն բավականին տարիքն առել է, և, անխոս, ազնիվ ու իր տեսակետը բաց արտահայտող մարդ է, նա, ակնկալելով բաց խոսակցություն՝ խոսել է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում։ Ճի՞շտ է խոսել, թե՞ ոչ, գնահատողը լսողներն են, դուք եք, մենք, բայց ես ծնվել եմ Կովկասում և ինձ համարում եմ կովկասցի, թեև՝ շատ ռուս, և անհնար եմ համարում հանդես գալ կյանքի ուսուցչի դերում Նիկոլ Ռիժկովի համար, որի 90-ամյակն է լրանում այս տարի»։

Կ.Զատուլինն առաջարկեց լուն փիղ չդարձնել և թուլացնել լարվածությունը, այլապես ոչ մի արդյունքի հասնել հնարավոր չի լինի։

Նա շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին՝ իրենց հարցերին պատասխանելու համար, և նշեց, որ կարելի է հավատալ նրանց մտադրություններին ռուս-հայկական հարաբերությունների հարցում, կամ դատել նախկինում գործողություններից, երբ օրակարգ էին բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։

Կ.Զատուլինի կարծիքով՝ ավելի կարևոր է, որ անցյալում մի բան են ասել, հիմա՝ այլ։

Կ.Զատուլինը տեղեկացրեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի։

Նա նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ՝ մինչև իրենց մեկնումը, հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։

Թե ի՞նչ են քննարկել Ռ.Քոչարյանի հետ, Կ.Զատուլինը չմանրամասնեց, միայն նշեց, որ քննարկել են հարցերի լայն շրջանակ, և Քոչարյանի դիրքորոշումը շատ սթափ է եղել, և նա իր հայրենիքին միայն բարիք է ցանկանում։

Կարեն Կարապետյանի մասին Կ.Զատուլինը նշեց, որ նա Հայաստանում մինչ այս բացասական վարկ չուներ։ Առաջադրվելո՞ւ է Կարապետյանը վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, Կ.Զատուլինը նշեց, որ դեռ հայտնի չէ, սակայն հավանական է, ընդ որում, բացի Նիկոլ Փաշինյանից, հավանական է, որ առաջադրվի նաև Գագիկ Ծառուկյանը։ Ամեն դեպքում նա վստահեցրեց, որ չի փորձում ազդել որևէ գործընթացի վրա, և իրենք բոլորը հետաքրքրված են, որ ամեն ինչ օրինականության շրջանակներում ավարտվի Ազգային ժողովում.

«Ռուսաստանը շատ ուշադիր կհետևի, և ես վստահ չեմ, որ, եթե որևէ մեկը փորձի կոտրել այդ գործընթացը և բռնի կերպով փոխի՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից, և այլն, մենք Ռուսաստանում դա այդպես միանշանակ կընդունենք։ Մենք ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների, ոչ թե դե յուրե։ Սա սպառնալիք չէ, ես բացատրեցի, թե մենք ինչպես կգործենք։ Կարող եք դա ընդունել՝ ի գիտություն, եթե ուզում եք»։

Նաև հավելեց. «Փաշինյանը, Կարապետյանը, Ծառուկյանը, ով էլ հաղթի ընտրություններում, Ռուսաստանը, բնականաբար, կաշխատի նրա հետ՝ ելնելով դաշնակցային պարտավորություններից և ակնկալելով նոր կառավարության կողմից փոխադարձ վերաբերմունք։ Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս