
«Կարեն Կարապետյանը պետք է մտածի Սերժ Սարգսյանի վերջին նախադասության մասին». Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանն ընդունել է մեր պահանջը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդունել իրենց պահանջը. «Երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, մենք փորձում էինք նրան բացատրել, որ մենք հիմա այլ Հայաստան ունենք: Մեր բանակցությունների պահին նա չհամաձայնեց: Բայց, ի վերջո, նա ընդունեց, որ ես ճիշտ էի, ինքը սխալ էր: Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պետք է մտածի Սերժ Սարգսյանի վերջին նախադասության մասին, որովհետև հիմա նա նույն ուղղությամբ է գնում»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերջին հանդիպումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն ակնարկել է՝ վարչապետի թեկնածու առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, Ն. Փաշինյանն ասաց, որ համարում է դա անլուրջ խոսակցություն:
Նա վստահեցրեց, որ թեման այն չէ, թե ով կլինի վարչապետ. «Պաշտոնակռվի մասին չէ խոսքը, այլ՝ ճգնաժամը լուծելու»: