«ՀՀ նախագահը կարող է հրաժարվել նշանակել Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող որևէ թեկնածուի այդ պաշտոնում»
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ ազգս սկսել է տարերայնորեն եւ խելագարի նման Սահմանադրություն կարդալ, ցիտել, մեկնաբանել, պարզաբանել, վերլուծել, հետ վերլուծել, ինչի կապակցությամբ այս տողերի արանքում կնկատեք ժպիտս: (իմ համար հեղափոխությունը սա է), ապա լավ կլիներ այս իրավիճակում եւ եռուն բանակցային գործընթացի եւ դիրքորոշումների ճշտման պահին հետ գնանք այդ վարչապետ-չվարչապետ հարցի սահմանադրական կարգավորմանը՝ կրկին:
Փորձեմ հնարավորինս հակիրճ, որպեսզի չխճճեմ ընթերցողին տարբեր հոդվածների եւ դրանց մասերի համարներով:
Սահմանադրությամբ վարչապետին ընտրում է Ազգային ժողովը (149 հոդված): Սակայն վարչապետի պաշտոնի ստանձնումը տեղի է ունենում դրան հաջորդող ակտով՝ Հանրապետության նախագահի նշանակմամբ: Անտեսում եմ այս պաշտոնի զբաղեցման մասին իմ ունեցած մոտեցումը, այս նյութի նպատակների հետ տարբեր լինելու պատճառով: Այսինքն՝ վարչապետի պաշտոնը վերջնական հավաստագրով շնորհվում է իրավաբանորեն՝ ձեռամբ նախագահի:
Սահմանադրության 149 հոդվածի 5-րդ մասը կատեգորիկ եւ հրամայական պահանջ է նախատեսում վարչապետի նշանակման հարցում Հանրապետության նախագահի համար: Մեջբերեմ ճշգրտության համար.
«Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»:
Այս տողերի միայն բառացի նշանակությունից կարող է բխել, որ Հանրապետության նախագահը չունի որեւէ հայեցողություն ԱԺ ընտրած վարչապետի նշանակման կամ չնշանակման հարցի լուծման դեպքում:
Այսինքն՝ նա ավտոմատ եւ առանց այլեւայլության նշանակում է ԱԺ ընտրած վարչապետի թեկնածուին: Եվ ես սպասում եմ, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում մենք իրավունքի մի նոր դպրոցի հանդիսավոր բացման ականատեսը կլինենք, որն այս պատմական պահի թելադրանքով կառաջարկեմ պայմաանկանորեն կոչել կկիրավաբանություն:
Կկիրավաբանները մեզ կհամոզեն, որ դեռեւս Հին Հռոմից մինչ օրս այդպես էլ եղել է … եւ Հանրապետության նախագահը չունի այս հարցում որեւէ այլ գործողության ընտրություն, քան նշանակել ԱԺ ընտրած վարչապետին:
Սակայն, քանի դեռ իրավունքի այս դպրոցի բացումը չի մեկնարկել եւ «չորս ոտք լավ, երկու ոտք վատ» լրատվական աղմուկը չի խլեցրել մեր ձայները, ասեմ, որ Սահմանադրությունը միայն 149-րդ հոդվածից չէ բաղկացած:
Այն ունի բազում այլ՝ վերաբերելի կարգավորումներ այս խնդրի համար: Պետք է հիշել, որ Հանրապետության նախագահի ինստիտուտի սահմանադրակաիրավական դերը ունի մեկ ողնաշար՝ Սահմանադրության պահպանմանը հետեւելու սահմանադրական պարտականությունը (123 հոդված, 2-րդ մաս): Իսկ նման պարտականության առկայությունը ուղղակիորեն Հանրապետության նախագահին այն ի կատար ածելու ողջամիտ հայեցողություն իրականացնելու լիազորություն է նախատեսում:
Հանրապետության նախագահը պրինտեր չէ, որին ԱԺ-ն հրահանգում է տպել ստորագրված հրամանագիրը՝ վարչապետ նշանակելու համար: Այն Սահմանադրության պահպանմանը հետեւող բարձրագույն պաշտոնատար անձ է, որը, իր կողմից հրապարակվելիք որեւէ ակտ հրապարակելիս Սահմանադրության խախտման կազմ պարունակվելու դեպքում, ոչ միայն պետք է անտեսի այն՝ հղում կատարելով ԱԺ որոշմանը, այլ՝ պարտավոր է կանխել այն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում:
Այլ խոսքով՝ Հանրապետության նախագահը ոչ միայն պարտավոր չէ ընթացք տալ Սահմանադրության խախտմանը հանգեցնող նշանակմանը, այլ նա պարտավոր է այդպիսի խախտումը թույլ չտալ իր իրազորությունների շրջանակում: Այսինքն՝ հրաժարվել նշանակել Սահմանադրության պահանջներին չհամապատասխանող որեւէ թեկնածուի այդ պաշտոնում:
Կկիրավաբաններն իհարկե մեզ անմիջապես կռմբակոծեն, թե իսկ այդ ինչ լիազորությամբ եւ այլն: Եվ միայն այդ աղմուկլը դադարելուց հետո, հնարավոր կլինի բացատրել, որ լրջագույն սահմանադրական պարտականությամբ օժտված պաշտոնյան՝ պետության գլխի կարգավիճակով հենց միայն իր ունեցած սահմանադրական պարտականության ուժով արդեն իսկ օժտված է այն ի կատար ածելու նպատակի համար անհրաժեշտ լիազորությամբ:
Որքան էլ որ այդ հայեցողության շրջանակը նեղ կամ սահմանափակ լինի, այն չի կարող չներառել Սահմանադրության խախտմանը հակազդելու հնարավորությունը: Այլ խոսքով, ինչպես էլ որ բառացի հնչի Սահմանադրական նորմը, այն երբեք չի կարող մեկնաբանվել եւ կիրառվել այնպես, որ Սահմանադրության խախտումը տեղի ունենա նախագահի կողմից:
Համենայն դեպս, Հանրապետության նախագահը չի կարող զրկված լինել այս սահմանադրական լուրջ խնդրի կապակցությամբ սահմանադրական արդարադատության դիմելու հնարավորությունից (գիտեմ, գիտեմ, որ պատկերացրեցիք ո՞ր մարմնին եւ կոնկրետ ո՞ւմ: Հասկանում եւ կիսում եմ բոլորիդ ցավը: Բայց դե գոտեպնդվենք եւ շարունակենք):
Չէ՞ որ Հանրապետության նախագահը մի ամբողջ սահմանադրական ինստիտուտ է, որի դերը չի կարող սահմանափակվել պասիվ եւ իրավասություններից զուրկ սուբյեկտի կարգավիճակում դիտորդությամբ: Եթե դա այդպես լիներ, ապա որքանո՞վ սովորական բուն ավելի ճշգրիտ եւ գրացիոզ թեկնածու չէր լինի այս պաշտոնի համար: Ինչ կարիք կլիներ առհասարակ այս խորհրդանշական պաշտոնում նշանակել մեկ ամբողջ մարդու՝ հայաստանցի հարկատուի վզին մի ծանր ծախս դարձնելով:
Կարող եմ պատկերացնել նաեւ, որ կկիրավաբանները որպես արգումենտ կարող են վկայակոչել իրավական մեկ այլ կատեգորիա՝ չուզողություն: Իբր, ինչու ինքը քաղաքացիության տեղեկանք չունենալով մեր կլիենտին չի հաստատում նստակեցության ցենզին անհամապատասխանության հիմքով (ասենք՝ հիպոթետիկ իրավիճակ: Մի խոսքով, շատ չծավալվեմ այստեղ, գիտենք, չենք մոռացել, բայց դեռ ժամանակը չէ …
Բայց սա, ինքներդ եք հասկանում, որ ԱՄՆ դեսպանին երեկվա հայտարարությունը տարածելով չասված վտանգավոր խոսքեր վերագրելու նման անլրջության աստիճանի մի բան է :Ճ
Ինչեւէ, արձանագրենք, որ կկիրավաբանության դեմարշը դեռ պետք է ի վիճակի լինի հաղթահարել նաեւ այս սահմանադրական արգելքը՝ Հանրապետության նախագահի կողմից վարչապետի նշանակման մերժումը կամ այդ հարցով սահմանադրական դատարան դիմելը:
Ես, իհարկե, անհանգիստ եմ այս կապակցությամբ, ինչպես եւ ձեզնից յուրաքանչյուրը: Չնայած եւ չեմ բացառում, որ քաղաքական ճնշման արդյունքում այս ատյանում դրական որոշման հեռանկար կա:
Բայց ախր հարցը կրկին մնում է բաց: Ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է Հայասատանի քաղաքացին միշտ շարունակի մնալ իր այն համոզմունքին, որ սահմանը հսկող 18-ամյա զինվորն իր կյանքի գնով ավելի վճռական է իր երդմանը հավատարիմ մնում, քան մի ամբողջ բարձրագույն դատարանի դատավոր: Եվ որ բախտն այդ քաղաքացուն կարող է նման վտանգավոր վիճակներում ժպտալ միայն այն դեպքում, երբ կկիրավաբանությունը բնում կարող է խեղդվել միայն ինչ-որ քաղաքական դասավորության պայմաններում:
Միթե՞ երբեւէ որեւէ մեկի մտքով անցել է, որ Արմենակ Ուրֆանյանն իր դիրքը պահելու համար իր թիկունքում քաղաքական մեծամասնության աջակցության կամ կյանքի եւ անվտանգության երաշխիքների կարիք է ունեցել:
Մենք նույնիսկ չգիտենք էլ այդ տղայի երդումը ինչպիսի հասարակ պայմաններում է անցել: Բայց նա դրան հավատարիմ է մնացել հակառակ սահմանադրական դատարանի այսօրվա կազմի մեծամասնության՝ իրենց պրոֆեսիոնալ կյանքի տարբեր իրավիճակներում դրսեւորած վարքի: Եթե կարիքը կա, դա արձանագրված էլ է:
Ինչեւէ, սահմանափակվեմ: ԱԺ կողմից կկիրավաբանների հաճախորդի ընտրության դեպքում, մենք կարող է ականատես լինենք՝ քաղաքացիության մասին տեղեկանքն ընդդեմ նստակեցության մասին տեղեկանքի ճակատամարտին:
Ես որպես Հայաստանի քաղաքացի կոնկրետ այս պահին նստակեցության տեղեկանքին եմ դեմ: Որովհետեւ՝ Carthago delenda est»: