«Եթե Արցախի հետ մի պատմություն եղավ, Սերժ Սարգսյանն ամեն ինչը կդնի մի կողմ, կամուֆլյաժը կհագնի, նույն Նիկոլ Փաշինյանի կողքին կնստի մինչև առավոտ». Ալիկ Սարգսյան
«Այն ղեկավարի օրոք, որ Արցախը վտանգի ենթարկվեց, այդ ղեկավարը թող մտածի՝ այս ժողովրդի առաջ ոնց է դուրս գալու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երկրում պատերազմն անխուսափելի է: Դիտարկմանը, թե ուզում եք ասել՝ ժողովրդի իշխանությունը տանո՞ւլ է տալու, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չէ, ուզում եմ ասել՝ էս երկրին հմուտ մարդիկ պետք են, ովքեր պատմություն են կերտել: Այս մարդկանց լիկվիդացնել խորհուրդ չեմ տալիս: Մոռացեք բոլորին ջնջել, լիկվիդացնել, ուղարկել տուն, այն մարդկանց, ովքեր այս տարիներին այս ամեն ինչի մեջ եղել են: էս մարդկանց փորձը, պատմությունը, տարիները ձեզ պետք են, մեզ պետք են»:
Հարցին՝ ո՞ւմ չպետք է լիկվիդացնեն, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականներին. «Նույն Սերժ Սարգսյանին մի լիկվիդացրեք, նա արդեն վարչապետ չէ, քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, բայց ինքը մեզ պետք է: Ինքը պետք է գա, տեսնի էս ամեն ինչը, պետք է մեր կողքին լինի այդ պահին, սա ահագին մարդկանց համար խնդիր կլինի, երբ երեկվա քաղաքական գործիչներն այսօր լիկվիդացված են, խոսքի իրավունք չունեն»:
Դիտարկմանը՝ բայց Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, պատգամավորն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանը եթե հրաժարվի էլ կուսակցության ղեկավարի պաշտոնից, նա այն մարդկանցից է, որ մեր շտաբներից, կաբինետներից դուրս չի գա, եթե Արցախի հետ մի պատմություն եղավ: Ամեն ինչը կդնի մի կողմ, կամուֆլյաժը կհագնի, հետներս կնստի մինչև առավոտ, նույն Նիկոլ Փաշինյանի կողքին կնստի մինչև առավոտ»: