«Կլինեն մարդիկ, որ իրենց երեխաների անունը կդնեն ոչ թե՝ Սերժ, այլ՝ Նիկոլ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են իրենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, եթե նա առաջադրվի վարչապետի պաշտոնում:

Ի պատասխան՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Քննարկումները շարունակվում են, ես վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն ժողովրդի ձայնը չի անտեսելու: Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել են: Ավելին, քան ես հիմա ասացի, չեմ ասելու: Մեկ բան կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, պետք է հեռանա  բոլոր մետաստազներով, որևէ քաղաքական աքսիոմ չկա, որ ՀՀԿ-ն պետք է հավերժ լինի իշխանություն: Յուրաքանչյուր ուժ պետք է ունենա քաղաքական արժանապատվություն՝ լինելու և՛ արժանապատիվ իշխանություն, և՛ ընդդիմություն: Անկախությունից հետո մենք տեսանք, թե ինչպես բոլոր իշխանություններն այլասերվեցին՝ վերածվելով մոնստրի, առաջնորդվելով «իմ դեմ խաղ չկա» բանաձևով»:

Ն. Զոհրաբյանն ընdգծեց, որ բանակցությունները շարունակվում են. «Մենք կաշկանդված ենք Սահմանադրությամբ տրված ժամկետով, այնպես որ, վստահ եղեq՝ որոշումը չի ուշանա: Հիմա գնում է քննարկում Գագիկ Ծաrուկյանի և Նիկոլ Փաշինjանի միջև, թե ինչպե՞ս կավարտվեն քննարկումները, ես չգիտեմ, բայց մենք հաշվի ենք նստելու ժողովրդի ձայնի հետ»:

Հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն վերջին պահին միացավ շարժմանը, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. <Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Իհարկե, դուք կարող եք ունենալ ձեր տեսակետը, բայց եթե դուք հիշում եք, հենց ձերբակալեցին մեր պատգամավոր գործընկերներն, անմիջապես եղավ մեր կուսակցության հայտարարությունը, որ անմիջապես պետք է ազատվեն Նիկոլը, Արարատը և Սասունը: Ես և իմ գործընկերներն այդ օրերին եղել ենք տարբեր քաղմասներում, եղել ենք լուռ, հանգիստ՝ առանց այդ մասին ֆեյսբուքյան և լրատվական ռեպորտաժներ տալու, մենք արել ենք մեր գործը, իրենք արել են հրապարակում, մենք արել ենք քաղմասներում: Ես ու իմ ընկեր Արարատ Զուրաբյանը եղել ենք քաղմասներում: Ճիշտ չէ հիմա անընդհատ ասել՝ 5 րոպե ուշ միացաք, 10 րոպե շուտ միացաք, այսօր այնքան կարևոր օրակարգային խնդիրներ կան, այսօր որոշվում է ապագա իշխանության խնդիրը»:

Խոսելով իրենց խմբակցության պատգամավորների կողմից Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ինքը բարոյական իրավունք չունի նրանց մեղադրելու. «Նրանք, երևի թե, մեսիջներ են ուղարկել, որ դուք և ձեր շրջապատը խնդիրներ կունենաք: Մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որ այլևս որևէ լծակ չօգտագործի իր իշխանությունը պահելու համար»:

Հարցին՝ ինչպիսի՞ն կբնորոշեք Նիկոլ Փաշինյանին՝ որպես առաջնորդ՝ հաշվի առնելով, որ դուք աշխատել եք նրա թերթում, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ես հիմա վստահ եմ, որ, երբ կգա խորհրդարանում վարչապետի թեկնածուին առաջադրելու պահը, վստահ եմ, որ այնքան «դիֆերամբներ» կհնչեն, կլինեն մարդիկ, որ իրենց երեխաների անունը կդնեն ոչ թե՝ Սերժ, այլ՝ Նիկոլ, մենք այդ պրոցեսը տեսել ենք, այնպես որ, թույլ տվեք այս պահին որևէ բան չասել»:

Տեսանյութեր

Լրահոս