«Հենց ՀՀԿ-ն զրկվի այդ լծակներից՝ կպառակտվի, կփոշիանա». Միքայել Զոլյան
Քաղաքագետ Միքայել Զոլյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ նկատեց՝ իշխանությունն այն է, երբ մարդիկ քեզ ենթարկվում են, և ըստ նրա՝ հարց է, թե արդյո՞ք այսօր Հայաստանում պետական կառույցները միանշանակ ենթարկվում են ՀՀԿ-ին.
«Այսօր ՀՀԿ-ն ինչ-որ չափով տիրապետում է իշխանական լծակներին, բայց միևնույն ժամանակ, Հայաստանի հանրության զգալի մասը պատրաստ չէ ենթարկվել ՀՀԿ-ին։ Դե ֆակտո իշխանության կենտրոնն այս պահին Հանրապետության հրապարակում է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները։ Այդ դե ֆակտո իրավիճակը պետք է համաձայնեցվի դե յուրե իրավիճակին։
Դա ինչքան ուշ տեղի ունենա, այդքան դա ավելի վտանգավոր է։ Արդեն տեսնում ենք այդ քաոտիկ իրավիճակը, երբ հին իշխանությունն այլևս չկա, իսկ նորը չի հասցրել ձևավորվել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է. սահմանին տեղի ունեցող զարգացումների մասին շատ են խոսում, ընդ որում՝ նախկին իշխանամետ ճամբարի ներկայացուցիչներ, և շատ ճիշտ են անում։ Բայց ո՞րն է լուծումը. հնարավորինս շուտ իշխանափոխություն իրականացնել»։
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ն դա չի ուզում, որովհետև սովորական կուսակցություն չէ, գաղափարակից մարդկանց խումբ չէ. «ՀՀԿ-ն բիզնեսմենների և չինովնիկների արհմիություն է։ Հին հանրապետականները գուցե ինչ-որ գաղափարների համար են այնտեղ, բայց մնացածն այնտեղ են զուտ այն պատճառով, որ մինչև վերջերս ՀՀԿ-ի միջոցով կարելի էր ստանալ լծակներ՝ բիզնեսի և պետական կառավարման ոլորտում։
Հենց ՀՀԿ-ն զրկվի այդ լծակներից՝ կպառակտվի, կփոշիանա։ ՀՀԿ-ում գիտակցում են այդ վտանգը, դրա համար կառչած են մնում իշխանությունից, որ գոնե ապագա քաղաքական ներկապնակում ինչ-որ ձևով մնան»։
Մ. Զոլյանն ընդգծեց՝ եթե ՀՀԿ-ն ընտրեր ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ մեկ ուրիշ մարդու, կարող է այդտեղ էլ ամեն ինչ վերջանար.
«Եթե այս իրավիճակը չլիներ, երբ ՀՀԿ-ն կառչում է իշխանությանը, նորմալ կլիներ, եթե այս ժամանակավոր կառավարության վարչապետը լիներ Փաշինյանի զինակիցներից մեկը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի այս գործընթացը։ Շատ վտանգավոր իրավիճակ է, և ճիշտ կլինի, որ պատասխանատվությունն իր վրա վերցնի Նիկոլ Փաշինյանը։
Մեր բախտը բերել է, որ ունենք և՛ ժողովրդական շարժում, և՛ առաջնորդ, որովհետև, օրինակ՝ Եգիպտոսում կար այդ ժողովրդական շարժումը, բայց չունեին առաջնորդ, և շատ խնդիրներ հենց դրա պատճառով ունեցան»։
Նա նշեց, որ նոր քաղաքական սերնդի կարիքը կա. «Օրինակ՝ Շարմազանովն ու Տարոն Մարգարյանը տարիքով երիտասարդ են, բայց քաղաքական առումով շատ հնացած են։ Շատ տարօրինակ է, որ Տարոն Մարգարյանը մինչև հիմա Երևանի քաղաքապետն է։ Այդ իմաստով, օրինակ՝ 1998թ. ՀՀՇ-ն շատ բարոյական և ճիշտ քայլ արեց․ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, ՀՀՇ-ի գրեթե բոլոր անդամները հեռացան։ Հիմա ՀՀԿ-ի այն անդամները, որոնք ասում էին, թե Սերժ Սարգսյանն իրենց հայրն է, թե առանց Սերժ Սարգսյանի՝ Հայաստան չկա, բարոյական պատասխանատվություն պետք է ունենան և հեռանան։ Սերնդափոխությունը ՀՀԿ-ում էլ պետք է լինի, և ես չեմ բացառում, որ 5 տարի հետո ՀՀԿ-ն, ազատ և արդար ընտրությունների միջոցով, նորից գա իշխանության»։