Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ համարել երկխոսությունը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը հետևում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Նա տեղյակ է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից:
Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը Հայաստանում և տարածաշրջանում»,- նշել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, օգտվելով հնարավորությունից, արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչին՝ հորդորելով բոլոր կողմերին կանխելու շփման գծում ցանկացած պոտենցիալ էսկալացիան և ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: