«Մի քանի բան ասեմ, որ հետո, եթե չանենք, մեզանից կպահանջեք». Արարատ Միրզոյան
«Սիրելի ժողովուրդ, երբ ես վառեցի ազատության ջահը ԱԺ-ում, ես երազում էի այսօրվա մասին։ Ես երազում էի, որ ձեր առաջ վառեմ ու ասեմ՝ կեցցեք դուք, որ վառ պահեցիք ազատության ջահը»,- Հանրապետության հրապարակում իր ելույթում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Այս քանի օրը, դեռ մինչև այս հաղթանակը, երբ ակնհայտ էր, որ զարթոնք է, փողոցներում մարդիկ մոտենում՝ շնորհակալություն էին հայտնում այդ հնարավորության համար։ Մենք ենք շնորհակալ, կեցցեք։ Դուք արել եք անհնարինը, այն, ինչ բոլորս ենք արել, աննախադեպ է, աշխարհում նման բան չկա։ Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ. առանց արյան, առանց դրսի փողերի, առանց արտաքին կողմնորոշման, առանց ոչ մի բանի, բաց ձեռքերով դուք հաղթել եք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն դեռ դիմադրելու է, և պետք է մինչև վերջ գնալ։
«ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն չի լինելու»,- հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ դրանով էլ չի վերջանալու, անելիքները շատ են. «Մի քանի բան ասեմ, որ հետո եթե չանենք, մեզանից կպահանջեք. օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Պետական իշխանության մեջ ներգրավված մարդիկ բիզնես արտոնություններ չեն ունենալու։ Մենք պետք է կարգավորենք ԸՕ-ն և ամբողջ ընտրական համակարգը, Հայաստանում այսուհետ միայն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ են լինելու։
Իշխանությունը ՀՀ քաղաքացիներից երբեք չի խլվելու, իշխանությունը ժողովրդինն է, և այն իրացվելու է ընտրությունների միջոցով։ Մենք պետք է քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից ու մանկապարտեզներից։ Դպրոցների դասատուները, տնօրենները, մանկապարտեզների դաստիարակները պիտի զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ։ Մեր բուհերը, որ դարերով հայտնի են եղել՝ իբրև կրթության և գիտության առաջատար, հիմա կիլոմետրերով հետ են աշխարհից. մենք պետք է հսկայական քայլերով զարգացնենք մեր բուհերը, և պետք է սկսենք նրանից, որ ԵՊՀ ռեկտորն այլևս իշխանության առաջ չի խոնարհվելու»։
Նա ասաց, որ պետք է ձևավորեն գերարդիական կրթական, առողջապահական համակարգեր. «Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ մենք պետք է կերտենք մեր երազանքների Հայաստանը»։