Cambridge Analytica-ին Facebook-ի տվյալները հաղորդած պրոֆեսորը դա նորմա է համարել
Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը, որը Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերությանն է փոխանցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, հայտարարել է, որ այդ պրակտիկան ավելի վաղ համարվել է սովորական, եւ սոցցանցի կողմից ոչ մի առարկություն չի եղել:
Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել ապրիլի 22-ին։ The New York Times թերթն ավելի վաղ հայտնել է, որ Կոգանը Facebook-ի պլատֆորմում իր ստեղծած հավելվածի միջոցով 2015 թվականին Cambridge Analytica-ին է փոխանցել օգտատերերի՝ ընդգրկուն ծավալի անձնական տվյալներ:
Նույն թվականին սոցցանցն արգելափակել է հավելվածը եւ Կոգանից ու բրիտանական ընկերությունից պահանջել հեռացնել տվյալները, սակայն ավելի ուշ Facebook-ում պարզել են, որ ամբողջ տեղեկատվությունը չէ, որ լիովին հեռացվել է:
Տեղեկություններն օգտագործվել են այդ թվում ԱՄՆ-ում ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծության ալգորիթմի մշակման համար: «Կարծում եմ՝ այժմ հարմար է՝ փորձել իրադրությունը ներկայացնել այնպես, թե կարծես դա ինչ-որ հատուկ դեպք է եղել, թե դա եղել է խարդախ հավելված, եւ որ դա բնավ սովորական չէ»,- արձանագրել է Կոգանը: Ինչպես նա է ընդգծել, իրականում, այն ժամանակ «դա շատ սովորական ու նորմալ էր»: