«Ես այդ ազդանշաններին դեմ եմ, մնացածը խաղաղ ընթացք ունի». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ցույցերի և պատգամավորների ձերբակալությունների մասին
«Եթե ասեմ, որ մտահոգված չեմ, ծիծաղելի կթվա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Նա նշեց, որ շատ մեծ մտահոգություն ունի. «Աղոթում և ակնկալում եմ, որ իրավիճակը խաղաղ լուծում ունենա»:
Հարցին՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալություններին ինչպե՞ս եք վերաբերվում, Տ. Վարդապետյանն այսպես պատասխանեց.
«Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ: Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում ոստիկանության կողմից, իրավաչափության տիրույթում է, բայց բոլոր դեպքերում ուզում եմ՝ խաղաղություն թևածի, որովհետև մենք մեր երկրում չունենք թշնամիներ, հակառակորդներ, նրանք մեր եղբայրներն են, մեր քույրերն են, և Աստված իր բարեհաճ վերաբերմունքը կտածի այս խնդրի լուծմանը»:
Տ. Վարդապետյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տպավորություն ունի ինքը՝ հավաքները խաղա՞ղ են ընթանում: Ի պատասխան՝ Տ. Վարդապետյանն ասաց. «Եթե անընդհատ մեքենաների ազդանշանները խաղաղությունն է, կարելի է ասել՝ խաղաղ են, բայց չէ՞ որ ամբողջ քաղաքով այդ ձայնն ինչ-որ հիվանդասենյակում գտնվող հիվանդների համար խնդիրներ է ստեղծում: Ամեն դեպքում, ես այդ ազդանշաններին դեմ եմ, մնացած ընթացքը խաղաղ ընթացք ունի: Աստված մի արա, որ այն վերածվի համակարտության, արյունահեղության»:
Հարցին՝ դուք տեսնո՞ւմ եք արյունահեղության ռիսկեր, Տ. Վարդապետյանն այսպես պատասխանեց. Աստված չանի, դա բոլորն են տեսնում, սա վտանգավոր իրավիճակ է ստեղծված, և ցավում եմ, որ երեկ չկայացավ այդ կոմպրոմիսային զրույցը»:
Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ Ձեր կարծիքով՝ չկայացավ, պատագամավորն այսպես պատասխանեց. «Որովհետև Նիկոլ Փաշինյանը մերժեց կոմպրոմիսը, դա ուլտիմատումային ոճ էր, որովհետև կոմպրոմիսը նշանակում է՝ փոխզիջում, իսկ եթե ՀՀ վարչապետը ներկայացել էր այնտեղ, անշուշտ, փոխզիջման իր առաջարկներն ուներ, բայց զրույցը վիժեցվեց մյուս կողմի նման դիրքորոշմամբ»:
Ինչպես հայտնի է, պատգամավորին կալանավորելուց առաջ իրավապահ մարմինները դիմում եմ ԱԺ-ին, որպեսզի այն իր թույլտվությունը տա: ԱԺ-ում այդ հարցով փակ քվեարկություն է նախատեսվում: Մենք Տ. Վարդապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է լինելու նրա դիրքորոշումը քվեարկության ժամանակ: Ի պատասխան՝ Տ. Վարդապետյանը պատասխանեց, որ դա այդ օրը կերևա: