«Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն՝ հնարավոր, այլև՝ անհրաժեշտ է». Վիգեն Սարգսյան

«Հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեր մոտ զարգացող իրադարձություններին, և, եթե նույնիսկ կարդաք մեր ռազմական պլանավորման բաց փաստաթղթերը, այդ թվում՝ յոթնամյա արդիականացման ծրագրի բաց մասը, շատ հասկանալի է, և նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ՝ հասկանալու, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի՝ իր առջև դրված խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում՝ նրանց կողմից գործողություններ ձեռնարկելու»,- այսօր ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ իրենց տարածած տեսանյութի իրական լինելը կասկածի տակ չի դրվում։

Ըստ նրա՝ ներսում ամենածանր իրավիճակում իրենց պարտքն է՝ կատարել պարտավորությունները սահմանին և պաշտպանել սահմանի անձեռնմխելիությունը։

Վ.Սարգսյանի խոսքով՝ վտանգները շատ հասկանալի են, դա ռիսկայնության բարձրացում է, պետական կառավարման համակարգի արգելափակման դեպքում բարդանում է պաշտպանական գործառույթը, ռեսուրսների կառավարման խնդիրն է, որ, օրինակ, եթե ԱԳՆ շենքն արգելափակված է, դա չի կարող նպաստել պաշտպանունակության գործին.

«Ամենակարևորը՝ պատերազմական գործողությունների մեջ չափազանց կարևոր գործառույթ է զորահավաքային աշխատանքը։ Ո՞նց եք կարծում, լարվածության դեպքում զինկոմիսարիատը դա կարողանալո՞ւ է լիարժեք անել, թե՞ ոչ»։

Վ.Սարգսյանի կարծիքով՝ երկխոսության շարունակման հավանականություն միշտ կա, և հայը հայի դեմ չպետք է դուրս գա որևէ ձևով. «Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն՝ հնարավոր, այլև՝ անհրաժեշտ է։ Ես համարում եմ, որ, փառք Աստծո, այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չի որևէ կողմից, ես համարում եմ, որ մենք սթափ և բանական ժողովուրդ ենք և ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել բանական ձևով։ Ավելին, ես կարծում եմ, որ, եթե նայենք մեր անցյալ փորձին անկախ Հայաստանի պատմության, կտեսնենք, որ այս լարվածության նման որևէ լարվածություն անհետևանք չի անցել»։

Դիտարկմանը, որ երեկ հարթակում ելույթ ունեցավ նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Վիգեն Սարգսյանը հերքեց, որ ելույթ ունեցողը (Մանուել Մանուկյանը.- խմբ.) իրականում ապրիլյան պատերազմի մասնակից էր:

Ըստ Սարգսյանի՝ նա  զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, առաջնագծում չի եղել և մարտական գործողությունների չի մասնակցել, բայց տարբերություն չկա, եթե անգամ մասնակցել է, ինքն էլ իր կարծիքն ունի: Վ.Սարգսյանը նշեց, որ «նամակ սահմանի զինվորից ոստիկանին» և նման տիպի տարածվող այլ նյութերն արագ հերքվում են, բայց կարող են նույնիսկ լինել զինվորներ, որոնք սատարում են Փաշինյանին, դրանից ոչինչ չի փոխվում, բանակում կարող են լինել տարբեր կարծիքներ, քաղաքական գործունեությամբ չզբաղվելու սահմանափակումներ կան սպայական անձնակազմի համար, բայց պետք չէ դրանից այդքան կառչել, շահարկել չի կարելի:

Վ.Սարգսյանը նկատեց, թե իրենից շատ ժամանակ չի պահանջվի բազմաթիվ նամակներ ստանալ սահմանից, որտեղ կասվի, որ պետք է դադարեցնել ցույցերը, որովհետև դրանք վտանգավոր են, և այլն. «Սա խաղի կվերածվի։ Մենք ա՞յդ խաղն ենք ուզում խաղալ»:

Տեսանյութեր

Լրահոս