Բաժիններ՝

Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն կուսակցությունների ցանկը, ովքեր իրավունք կունենան մասնակցելու հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ ցանկում է նաև «Լավ» կուսակցությունը:

Թեպետ կուսակցությունը հիմնադրվել է միայն վերջերս՝ 2017 թվականի աշնանը, սակայն ակնկալվում է, որ այն լրջագույն մրցակցություն է ցուցաբերելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Քանի որ Թուրքիայի ընտրական օրեսնգիրքը ենթադրում է, որ քաղաքական ուժը չի կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե կուսակցության առաջին համագումարը տեղի չի ունեցել առնվազն վեց ամիս առաջ, կային խոսակցություններ, որ «Լավ» կուսակցությունը կարող է զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Որպեսզի նման խնդիրները բացառվեն, ապրիլի 21-ին հանդիպել էին «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները և ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: Հանդիպման արդյունքով որոշում էր կայացվել, որ քեմալական կուսակցության անդամ 15 պատգամավոր անցնում են «Լավ» կուսակցության շարքերը: Դրա շնորհիվ կուսակցությունը կազմել է խորհրդարանական խմբակցություն և իրավունք ստացել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած կուսակցություններից են ներկայում մեջլիսում պատգամավորական մանդատներ ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ինչպես նաև «Անկախ Թուրքիա» կուսակցությունը, «Մեծ միություն» կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, «Երջանկություն» և « Հայրենիք» կուսակցությունները:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 18-ին հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցկում կկատարվի նախագահական համակարգի:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարության հնչեցումից անմիջապես հետո Աքշեները հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իր մասնակցությունը կասկածից վեր է: Էրդողանին լուրջ մրացկություն ցույց տալու հնրավարության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս