Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի ղեկավարը մի խումբ պատգամավորների խնդրել է կասեցնել աշխատանքը Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեության պատճառով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին մի խումբ պատգամավորների խնդրել է կասեցնել իրենց պարտականությունների կատարումը այն հետաքննության ընթացքում, որն անցկացնում է կոռուպցիայի հետաքննության անկախ հանձնաժողովը:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ նա հանդես է եկել ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ԵԽԽՎ-ում տիրող վիճակի վերաբերյալ այդ հանձնախմբի կողմից զեկույցի հրապարարակմանը։

Ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, մի խումբ պատգամավորներ անօրինական վարձատրություն են ստացել Ադրբեջանին լոբբիստական ծառայություններ ցուցաբերելու համար: «Հանձնաժողովը պարզել է, որ լուրջ կասկածներ կան այն բանի շուրջ, որ ԵԽԽՎ-ի ներկայիս ու նախկին առանձին անդամներ կոռուպցիոն բնույթի գործունեությամբ են զբաղվել Ադրբեջանի օգտին»,- ասված է Վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Հետաքննչական մարմինը պարզել է, որ եղել են մի խումբ անձինք, որոնք ԵԽԽՎ-ում աշխատել են ի շահ Ադրբեջանի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանում ընդգծվում է, որ «նրանց գործունեությունը հակասում է ԵԽԽՎ-ի բարոյական ստանդարտներին»: Զեկույցում ներկայացված են էթիկայի նորմերը խախտած խորհրդարանականների անունները: Նրանց թվում են՝ ԵԽԽՎ-ի նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, Սամադ Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեկստեն եւ Ռոբերտ Ուոլթերը: Այս մարդկանց մի մասը դեռեւս Վեհաժողովի անդամներ են:

ԵԽԽՎ-ի ղեկավար Միկելե Նիկոլետին արդեն բարձր է գնահատել փաստաթուղթը: «Դրան մասնակցած խորհրդարանականներին առաջարկվում է իրենց գործունեությունը կասեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը հետաքննում է իրադրությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»,- ասել է Նիկոլետին մամուլի ասուլիսում: Զեկույցը հրապարակվել է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի նախաշեմին, որը ապրիլի 23-ին բացվում է Ստրասբուրգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս