«Ստեղծված իրավիճակում միայն մեկ մարդ կարող է շտկել իրավիճակը». Նազարեթ Կարոյան
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և դրանց հնարավոր անցանկալի ելքերից խուսափելու նպատակով երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև կարճատև այցով Հայաստան ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես էին եկել հավաքի կազմակերպիչներին երկխոսության սեղանի շուրջ նստելու առաջարկով:
Արդեն այսօր անհապաղ երկխոսության կոչով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ ժամեր առաջ պաշտոնական հայտարարություններ տարածեցին ՀՀ Ոստիկանությունը՝ տեղեկացնելով հավաքի կասեցման որոշման մասին, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրված ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումների վերաբերյալ:
Երկրում տեղի ունեցող իրողությունների, հնչեցված երկխոսության առաջարկների, ինչպես նաև դեպքերի հետագա զարգացման վերաբերյալ 168.am-ը լսել է արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի համահիմնադիր, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի տեսակետը, ում համար հստակ է՝ հասարակական և քաղաքական մթնոլորտն ակնհայտորեն փոխվել է և գնալով՝ ամեն րոպե այդ փոփոխությունն ավելի ու ավելի ամրապնդվում և խորանում է.
«Երկրում մի մարդ կա, ով կարող է կտրուկ փոփոխություն մտցնել իրավիճակի մեջ, և այդ մարդը Սերժ Սարգսյանն է, ուրիշ որևէ մեկը բացարձակապես չկա:
Երբ դիմելով քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին՝ կոչ են անում երկխոսության սեղանի շուրջ նստել, պետք է նախևառաջ գիտակցեն, որ սա իր տեսակով ժողովրդական ընդվզում է, և, որ այնտեղ ներկայացուցչական իրավիճակ չկա: Հետևաբար՝ ո՞ւմ է ուղղված նրանց կոչը՝ գալ նստելու երկխոսության սեղանի շուրջ, փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարների՞ն:
Եթե նրանց այդ կոչն ուղղված է շարժման առաջնորդին, ապա նրանք պետք է գիտենան՝ այնտեղ հավաքված ցանկացած մեկը Նիկոլ Փաշինյան է: Նիկոլ Փաշինյանը տվյալ պարագայում պարզապես չի կարող հանդես գալ ներկայացուցչական դերում: Այո, հավաքի մասնակիցները լսում և ենթարկվում են նրան, բայց նա միանձնյա երկխոսության գնացող և որոշումներ կայացնող չէ, որովհետև նորից եմ կրկնում՝ գործ ունենք ժողովրդական ընդվզման դեպքի հետ»:
Անդրադառնալով ժամեր առաջ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրությանը, որով տեղեկացվում էր այն մասին, որ երկրում մեծ է ահաբեկչության վտանգը, մեր զրուցակիցն արձագանքում է.
«Իրականում այս օրերին, և հատկապես՝ գնալով, երկրում շատ փխրուն իրավիճակ է ձևավորվել, ինչ ասես կարող է պատահել: Մենք գործ ունենք բաց իրավիճակի հետ, որի պարագայում կարող են գործել տարբեր տեսակի ուժեր, այդ թվում, չի բացառվում՝ նաև ահաբեկչական: Երևացող մասում քաղաքացիական խաղաղ անհնազանդության ելած ցուցարարներն են, բայց չերևացող մասում ինչ տեսակի շերտեր ասես կարող են լինել, այդ թվում նաև՝ երկրի անվտանգությանը սպառնացող, և դա գիտակցում է նաև իշխանությունը: Սկզբունքորեն այդ հայտարարությունը հիմք ունի, բայց թե որքանո՞վ է այն կոնկրետ փաստերի վրա հիմնված, հայտնի չէ»:
Խոսելով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից բոլոր տեսակի երկխոսության կոչերը, ըստ էության, մերժելու փաստի մասին՝ Նազարեթ Կարոյանը նշում է.
«Նորից եմ կրկնում՝ երկխոսության սեղանի շուրջ նստելու կողմ ցուցարարների բանակից չկա: Նրանք, ովքեր Նիկոլին են դիմում, առաջնորդվում են հին կատեգորիաներով: Ներկայացուցչական իրավիճակ չկա, կա միայն մասնակցային իրավիճակ, և սա այս շարժման առանձնահատկությունն է, որով այն տարբերվում է դրանից առաջ եկած բոլոր մերժողական նմանօրինակ հանրահավաքներից:
Այստեղ միայն մեկ ելք կա, ինչպես արդեն ասացի՝ ստեղծված իրավիճակում միայն մեկ մարդ կա, որ կարող է շտկել իրավիճակը, և դա Սերժ Սարգսյանն է, ով պետք է հրաժարական ներկայացնի և հեռանա իշխանությունից, այսպիսով՝ նաև լուծում տալով երկրի առջև ծառացած այս իրավիճակին:
Միաժամանակ Սերժ Սարգսյանի այդ քայլն աննախադեպ կլինի, որովհետև մինչև օրս Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքական գործիչ դեռևս սեփական կամքով չի հեռացել իշխանությունից՝ ժողովրդական նման ընդվզման ճնշման տակ: Ժամանակին հրաժարական տալով հեռացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա ոչ թե՝ ժողովրդական ընդվզման արդյունք էր, այլ՝ պալատական հեղաշրջման հետևանք: Սերժ Սարգսյանի այդ քայլը նաև շատ լավ օրինակ կլինի մյուսների համար, ովքեր, ի վերջո, կհասկանան, որ կարող է նաև նման ավարտ լինել»: