Չիլիում կյանքի 122-րդ տարում վախճանվել է աշխարհի ամենատարեց տղամարդը
121 տարեկան հասակում կյանքից հեռացել է չիլիացի Սելինո Վիլիանուեվա Խարամիլիոն, որը համարվում էր աշխարհի ամենատարեց տղամարդը: Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական թերթը:
Տղամարդը վախճանվել է նախօրյակին Չիլիի հարավում գտնվող Մարիկինա կոմունայի հիվանդանոցում: Խարամիլիոն ծնվել է 1896 թվականի հուլիսի 25-ին, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան, քանի որ այդ տարեթիվը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել:
Վերջին մի քանի օրերին նա հիվանդանոցում էր գտնվում թոքերի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն բժիշկները լավատեսական կանխատեսումներ էին անում եւ հույս ունեին, որ նա շուտով կապաքինվի: Հրատարակությունը նշում է, որ Խարամիլիոն երբեք ամուսնացած չի եղել, եւ որ նա ոչ մի ազգական չունի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: