
«Դեղեր»՝ պոլիէթիլենային տարայով «Արթիկ» ՔԿՀ-ում

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռևս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին և հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: Այնուհետև սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ և անմիջապես հեռացել:
Զննությամբ տոպրակում հայտնաբերվել և առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 տուփ և 0.5 լիտր տարողությամբ 1 թափանցիկ պոլիէթիլենային տարայով, SOBIO HYDRA Aloe Vera գրառմամբ բաց դարչնագույն յուրահատուկ հոտով հեղուկ զանգված: Երկու տուփերից մեկում հայտնաբերվել է թափանցիկ մեկ փաթեթ, որի ընդհանուր քաշը կազմել է 76.78 գրամ, իսկ մյուսում՝ ևս մեկ փաթեթ՝ ընդհանուրը 112.96 գրամ քաշով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: