Ֆրանսիան ներկայացնող սուսերամարտիկ Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը՝ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Եվրոպայի սուսերամարտի առաջնությանը թրասուսեր զենքաձևից Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված՝ հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց, այդուհանդերձ, հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է պատվո հարթակ: Դա թրասուսեր զենքաձևից Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանն է, ով իր ընտրանու կազմում թիմային պայքարում նվաճեց արծաթե մեդալ: Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Պատրիկը նշել է, որ իր համար երազանք էր հաղթել հենց իր հայրենիքում և որ իր պապերի հայրենի հողի վրա մրցելը իրեն ավելի ուժեղ է դարձրել յուրաքանչյուր մրցելույթից առաջ:
«Ես հայ եմ մորս կողմից՝ չնայած ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից։ Նրանց ցեղասպանել են։ Մեր ազգանունը Արզումանյան է։ Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել. չէ՞ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները։ Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»:
Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը նաև ընդգծել է, որ գուցե մի օր կրկին վերադառնա Հայաստան, բայց այս անգամ արդեն ընտանիքի հետ: