Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը հաստատվել էր երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո, երկարաձգվել է ևս երեք ամսով: Այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:
Արտակարգ դրությունն արդեն 7-րդ անգամ երկարաձգելու մասին առաջարկը հավանության է արժանացել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կայացած քվեարկության արդյունքում: Ստացվում է, որ երկրում հունիսի 24-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անց են կացվելու արտակարգ դրության պայմաններում:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը հետագայում երկարաձգվել էր ևս 6 անգամ: Վերջին անգամ հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում էր 2018 թվականի ապրիլի 19-ին:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:
Այդուհանդերձ, Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը մինչ օրս օգտագործվել է այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվել է 67 թերթ, 20 ամսագիր, 34 ռադիոկայան, 30 հրատարակչատուն և 32 հեռուստատեսային ալիք: Ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր մարդիկ: