
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ե՛վ Հայաստանի սահմանին, և՛ Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը ներկայում հանգիստ է, կրակոցներ չկան: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի պաշտպանության բանակն ավելի վաղ հերքել էր ադրբեջանական կողմի հերթական սուտը: Տեղեկությունն այն մասին իբր ապրիլի 18-ին հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ իրականությանը չի համապատասխանում: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում: