Մինո Ռայոլան Դոնարումային առաջարկել է ՊՍԺ-ին
Փարիզեցիները կարող են 50-ամյա գործակալի ֆուտբոլիստներով լավ թիմ հավաքել:
Մինո Ռայոլան պլանավորում է լավ գումար աշխատել ՊՍԺ-ի միջոցով: Դեռ ապրիլի սկզբին տեղեկություն հայտնվեց, որ գործակալը պայմանավորվել է փարիզեցիների հետ Պոլ Պոգբայի կապակցությամբ, բայց դրանով նրա գործունեությունը չի ավարտվում:
Ինչպես հաղորդում է France Football-ը, Ռայոլան գերազանց գիտի ՊՍԺ-ի դարպասապահի դիրքն ուժեղացնելու ցանկության մասին և արդեն սկսել է բանակցությունները Լիգա 1-ի ակումբի հետ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերի կապակցությամբ: Եթե ռոսոներները չմտնեն Չեմպիոնների լիգայի գոտի, ապա 19-ամյա վունդերկինդին կարելի է գնել ընդամենը 40 մլն եվրոյով:
Չնայած Ռայոլայի ջանքերին, ՊՍԺ-ի առաջնային նպատակներն են մնում Յան Օբլակը («Ատլետիկո»), Տիբո Կուրտուան («Չելսի») և Ալիսոնը («Ռոմա»): 2017թ. ամռանը Դոնարուման երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ, բայց Ռայոլան անընդհատ Ջիգոյին այլ ակումբ տեղափոխելու ցանկություն է հայտնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը