Բասկետբոլի ակումբային առաջնությունը կարելի է կայացած համարել. Արա Պողոսյան
Հայաստանի բասկետբոլի նորաստեղծ Ա լիգան կայացավ առաջին իսկ մրցաշրջանից հետո:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ես կրկին համոզվեցի, որ Հայաստանի ակումբային առաջնությունը կայացավ: Առաջնության եզրափակիչի առաջին խաղում ներկա էին մեծ թվով երկրպագուներ Արթիկից և Արցախից, ինչը շատ ուրախալի է»,-ասաց Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ եզրափակիչի առաջին հանդիպումը ցույց տվեց, թե որքան է մեծացել հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ: «Արցախ»-ին հաջողվեց հաղթանակ տանել, քանի որ «Արթիկ»-ի պահեստայինների նստարանը կարճ է, և հոգնածությունը զգացնել տվեց արդեն երրորդ և չորրորդ քառորդներում»,-փաստեց Պողոսյանը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակիչի առաջին խաղում «Արցախ»-ը 74:100 հաշվով հաղթեց «Արթիկ»-ին: Կանոնավոր առաջնության հաղթողը հայտնի կդառնա երկու խաղերի արդյունքով։ Այս թիմերը ևս մեկ խաղ կունենան ապրիլի 17-ին: