ԴԱՀԿ-ն իրավունք ունի՞ բռնագանձում տարածել նաև կենսաթոշակների վրա
Գյումրիում որոշ բնակիչներ դժգոհում են ԴԱՀԿ-ի գործունեությունից: Տարածված խոսակցությունների համաձայն՝ ԴԱՀԿ-ն մարդկանց զրկում է անգամ նրանց միակ բնակարաններից:
Շատերն այս ոլորտին վերաբերող օրենսդրությանն էլ լիարժեք չեն տիրապետում, որպեսզի հասկանան, թե տվյալ իրավիճակում ինչ քայլեր պետք է ձեռնարկեն: Շատերին նաև հետաքրքրում է՝ արդյո՞ք ԴԱՀԿ-ն իրավունք ունի բռնագանձում իրականացնել կենսաթոշակներից:
«Ես միակ բնակարանն ունեմ, բանկից վարկ եմ վերցրել, հիմա չեմ կարողանում փակել: Եթե վարկն իր տոկոսներով չփակեմ, հնարավոր է՝ բնակարանս աճուրդի հանեն»,- ասում է մեր զրուցակից գյումրեցիներից մեկը:
Հաշվի առնելով մեր համաքաղաքացիների հետաքրքրվածությունն ու իրազեկման անհրաժեշտությունը՝ 168.am-ը որոշեց զրուցել փաստաբանների հետ և ներկայացնել օրենքի որոշ կետեր, ոորոնք վերաբերում են ԴԱՀԿ-ի գործունեությանը:
Ըստ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի՝ ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:
Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:
Փաստաբան Յուրի Դոլուխանյանի խոսքով՝ ԴԱՀԿ-ն արգելանքը դնում է ամբողջ չափով, ինչից հետո քաղաքացին պետք է ներկայացնի համապատասխան հիմքեր այն մասին, որ արգելադրված գումարն աշխատավարձ է կամ կենսաթոշակ:
Նրա խոսքով՝ միայն այդ դեպքում հարկադիր կատարողը մասնակի կվերացնի կիրառված արգելանքը:
Այն դեպքում, եթե վտանգ կա, որ դատական գործընթացների արդյունքում քաղաքացու բանկային հաշիվները կարող են սառեցվել, ըստ Մ.Գյուլումյանի,
քաղաքացին՝ սեփականատերը, իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Նշենք որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկադիր կատարման միջոցներն են` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը, կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը:
Հարկադիր կատարման ենթակա են`քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի:
Քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով: Արբիտրաժային տրիբունալների վճիռները, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով:
ՀՀ անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները: Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:
Ըստ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի՝ ԴԱՀԿ կատարողական թերթը տրվում է` դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա, արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների, ՀՀ անդամակցությամբ գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
«Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում:
Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման:
Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»,- պարզաբանեց Մ.Գյուլումյանը:
Անահիտ Սիմոնյան