Սիրիայի հրթիռակոծումը՝ երրորդ համաշխարհային պատերազմի սկի՞զբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներից անցավ կտրուկ գործողությունների։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը համատեղ պատժիչ հարված են հասցրել սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործ ունենք ԱՄՆ նախագահի կողմից դեմքը պահպանելու գործողության հետ, որովհետև նման հռետորաբանությունից հետո, ըստ նրա՝ ակնհայտ էր, որ հետևելու է Սիրիայի հրթիռակոծման գործընթացը։

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք, ըստ իրանագետի՝ կարող են ծանր լինել. «Սիրիական հակամարտության մեջ ներգրավված են այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսին են Ռուսաստանը և Իրանը, իսկ այս երկու պետությունների արձագանքները չափազանց խիստ էին։ Մեծ է հավանականությունը, որ իրականում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում առկա սառը պատերազմը կարող է փոխակերպվել տաք պետերազմական փուլի, ինչը չի բխում ոչ միայն երկու կողմի, այլ ընդհանրապես, համաշխարհային հանրության շահերից»։

Ոսկանյանը նկատեց, որ թեև սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցում ձևավորվել էր եռակողմ գործակցություն՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, բայց, եթե իրանական և ռուսական արձագանքները չափազանց խսիտ էին և կոշտ, ապա թուրքական կողմն, ըստ էության, ողջունեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հրթիռակոծման գործողությունը.

«Դա կասկածի տակ է դնում և լուրջ հարցականներ է առաջ բերում այս եռակողմ ձևաչափի հետագա գործունեության առումով։ Համենայնդեպս, իրանական կողմը բավականին անհանգստացած է Թուրքիայի նման վարքագծով։

Կարծում եմ՝ գաղտնիք չէր, որ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ «դաշինքը» ուներ իրավիճակային բնույթ, բայց ինչ-որ առումով նաև անսպասելի էր, որ Թուրքիան կարող է նման արագ կերպով դիրքորոշման փոփոխություն արձանագրել։

Սա չի նշանակում, թե վաղնևեթ, այդ գործակցությունը դադարելու է գոյություն ունենալ, բայց ակնհայտ է, որ նման վարքագծի պայմաններում գործակցության ձևաչափի մյուս երկու կողմի մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու, նաև՝ սեփական հասարակությանը բացատրելու, թե ինչու է Թուրքիան ներգրավված այս գործընթացներում։

Սա հատկապես կարևոր է իրանական կողմի համար, որովհետև Ռուհանիից բավական մեծ ջանքեր էր պահանջվում՝ սեփական հասարակությանը բացատրելու Թուրքիայի ներգրավվածության անհրաժեշտությունը։ Իրանցիների մեծամասնությունը, նաև՝ նախագահի քաղաքական թիմի հակառակորդները, որոնք նույնպես լուրջ կշիռ և ազդեցություն ունեն Իրանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների կայացման հարցում, այնքան էլ չէին ողջունում Թուրքիայի ներգրավվածությունը՝ այս եռակողմ ձևաչափի շրջանակներում»։

Կարծիքներ կան, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հրթիռակոծման գործողությունը երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ է ազդարարում։

Վարդան Ոսկանյանը չի կարծում, թե պետք է նման հեռուն գնացող եզրակացություններ անել, որովհետև, ըստ նրա՝ բոլոր կողմերում էլ կան խոհեմ մարդիկ.

«Բայց լարվածության նման աճ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում կարծես թե չի գրանցվել, հատկապես՝ հաշվի առնելով երկու խոշորագույն միջուկային գերտերությունների ներգրավվածությունը, խոսքը ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին է։ Այսուհանդերձ հույս կա, որ խորը մոտեցումները և լրջմիտ դիրքորոշումները գերակա կլինեն զգացական, այսպես ասած՝ սեփական ես-ն առաջ տանելու որոշումների վրա, և ի վերջո կկարողանանք ստանալ կարգավորում։

Այդ կարգավորումը պետք է լինի բացառապես Սիրիայի ամբողջականության պահպանման և սիրիական հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում։ Ցանկացած գործողություն, որը դուրս կգա այդ շրջանակներից, չի կարող տարածաշրջանում ստեղծել որևէ կայուն և երկարաժամկետ խաղաղության մթնոլորտ»։

Մեր այն հարցին, թե կարծիքներ կան, որ եթե ռուս-ամերիկյան հակամարտությունը Սիրիայում խորանա, հնարավոր է՝ տեղափոխվի Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Արցախ, ինքը նման վտանգներ տեսնո՞ւմ է, իրանագետը պատասխանեց.

«Չեմ կարծում, թե ցանկացած հակամարտության գոտում իրավիճակի շիկացում և լարվածություն պետք է ավտոմատ տեղափոխենք մեր տարածաշրջան, արցախյան հիմնախնդրի կապակցությամբ փորձենք հեռուն գնացող եզրակացություններ անել։

Ակնհայտ է, որ արցախյան հիմնախնդիրը բոլորովին ուրիշ խնդիր է և որևէ առնչություն չունի Սիրիայում ընթացող գործընթացների հետ։ Եվ մի կարևոր հանգամանք էլ կա՝ պետք չէ մեր հասարակությանն անընդհատ անհանգստացնել, լարվածություն սերմանել մեր հասարակության մեջ՝ Արցախում տեղի ունենալիք հնարավոր պատերազմի մասին պարբերաբար շրջանառվող կանխատեսումներով։

Մենք պետք է մեզ համար հստակորեն արձանագրենք՝ Արցախի ևԱդրբեջանի, Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում մշտական լարվածություն կա, մենք մշտական պատերազմ ունենք, հետևաբար, մեր հասարակությունը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։ Բայց որևէ լրացուցիչ լարվածություն առաջացնող կանխատեսում, ըստ իս՝ տեղին չէ»։

Տեսանյութեր

Լրահոս