«Երեխան կուղեգրվի «Արաբկիր» բժշկական կենտրոն»
168.am-ն անդրադարձել է Արթիկում բնակվող Կարինե Մկրտչյանի 2-ամյա որդուն՝ Գոռ Տոնոյանին, որը բուժման կարիք ունի: Ըստ երեխայի ծնողների՝ Գոռ Տոնոյանի ճակատային մասում ջուր է հավաքվում, երեխան անհաս է:
Երեխայի բուժման նպատակով ծնողները դիմել էին Գյումրու վերականգնողական կենտրոն:
Գյումրու «Արիե Կուպերստոկի անվան վերականգնողական» կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանից տեղեկացանք, որ երեխան արդեն հաճախում է իրենց կենտրոն:
«Երեխան ունի ախտորոշում, մեր մոտ միայն վերականգնողական բուժօգնությունն է կազմակերպվում: Երեխայի ախտորոշումը գլոբալ զարգացման հապաղումն է, ունի ստորին վերջույթների թուլություն, նաև մկանային, երեխան նաև չի քայլում: Նա արդեն 2 տարեկան է, սակայն չի քայլում, ուստի դա արդեն խնդիր է իր համար:
Երկու օր է, ինչ երեխան մեր մոտ է հաճախում: Ես երեխայի մայրիկին ասել եմ, որ տարին երկու անգամ երեխան պետք է բուժման կուրս անցնի՝ 15-օրյա տևողությամբ»,- նշեց Անահիտ Աղաջանյանը:
Հարցին՝ արդյո՞ք բուժման կուրսերն անցնելուց հետո երեխան կարող է լրիվ ապաքինվել և պատվաստվել, Ա.Աղաջանյանը պատասխանեց, որ դեռևս վաղ է այդ մասին կարծիք հայտնել, քանի որ երեխան դեռ նոր է իրենց կենտրոն հաճախում. «Երեխան վերականգնողական թերապիայի գալիս է այնքան ժամանակ, ինչքան կարիք ունի: 10 կուրս է, 11 կուրս է, չեմ կարող ասել: Կարող է՝ մինչև քայլելն էլ երեխան գա: Կարող է՝ 1 բուժման կուրս անցնելուց հետո էլ մենք կարողանանք հստակ նշել երեխայի ախտորոշումը»:
Հավելենք, որ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի, երեխայի խնդրով զբաղվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Անհրաժեշտ բոլոր բժշկական ծաառայությունները կմատուցվեն: Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից «Արիե Կուպերստոկի անվան վերականգնողական» կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի և Արթիկ համայնքի բնակիչ Գոռ Արկադիի Տոնոյանի ծնողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն երեխային վերականգնողական բուժման ուղեգրելու վերաբերյալ:
Բուժման կուրսի ավարտից հետո Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության միջնորդությամբ և համապարփակ աջակցությամբ երեխան կուղեգրվի «Արաբկիր» բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության և բուժման:
Անահիտ Սիմոնյան