«Իրականում Հայաստանը փող ունի, այնպես չէ, որ չունի. տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի». Աշոտ Խուրշուդյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանն իրեն բավականին լուրջ դրսևորեց և դիմագրավեց տնտեսական բավականին լուրջ շոկերի։ Այսօր «Արտաքին պարտքը և տնտեսական մատահրավերները Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին» թեմայով ասուլիսի ընթացքում նա ասաց, որ Հայաստանը ոչ միայն արտաքին պարտք ունի, այլև ունի միջազգային պահուստներ, որն աճել է.
«Միջազգային պահուստները, եթե 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.6 մլրդ դոլար, այժմ մենք 2.3 մլրդ դոլար միջազգային պահուստներ ունենք։ Այսինքն՝ այս ընթացքում մենք կարողացել ենք միջազգային պահուստներ կուտակել և չօգտագործել։ Որոշ երկրներ այդ շոկերին չեն կարողացել դիմագրավել, և իրենց արտաքին պարտքը սկսել է աճել, օրինակ՝ Ադրբեջանը։ Այսինքն՝ ունենալով այդ պահուստները, նույնիսկ դա չի բավարարում իրենց մոտ մակրոկայունություն ապահովելու համար։ Այդ ցուցանիշների համադրությունն է ցույց տալիս՝ ինչպիսի վիճակում ենք։ Որոշ ցուցանիշներ չափից շատ լավ են, և դա մտահոգիչ է։ Այսինքն՝ երբ ունես գումար կամ երբ վարկ ես վերցնում, բայց չես կարողանում արդյունավետ օգտագործել, դա մտահոգիչ է»։
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ռեալ հատվածում կառուցվածքային լուրջ խնդիրներ կան. «Երբ արտաքին ներդրողները քեզ գումար են տալիս, գիտեն, որ քո տնտեսությունն այնպիսին է, որ կվերադարձնես, բայց այդ վերցրած գումարն արդյո՞ք քեզ բերել է այնպիսի տնտեսական աճ, որ արժեր վերցնել։ Մտահոգիչն այն է, որ մեր ընդհանուր պարտավորությունների մեջ պետական մասը, եթե 2008թ. եղել է 29 տոկոս, ապա այժմ դարձել է 40 տոկոս։ Այսինքն՝ ավելի շատ ներդրում բերել է պետությունը՝ պարտքի տեսքով, քան մասնավոր հատվածը։ Սա խնդրահարույց է։ Այդ միջավայրում մասնավորն ավելի քիչ է իրեն դրսևորել, քան պետությունը։ Պորտֆելային ներդրումները զրո են, այսինքն՝ մեր մասնավոր հատվածը չի կարողանում պարտատոմսեր թողարկել, որպեսզի շրջանառվեն»։
Մոտ 800 մլն դոլարի վարկ, ըստ նրա՝ պետությունը տվել է ներքին տնտեսությանը. «Սկիզբը դրվեց, երբ Ռուսաստանից 500 մլն դոլարի վարկ վերցրինք, և միանգամից հայտարարվեց, որ կեսը տրվելու է մասնավորին։ Այդտեղ շատ խնդիրներ ունենք՝ կապված հիմնականում կառավարման հետ, որովհետև մասնավոր-պետություն հարաբերություններում շատ հարցեր են ծագում, առաջանում են թափանցիկության, կոռուպցիայի, արդյունավետության և այլ տեսակի ռիսկեր։ Մանսավորապես, այն ռիսկը, որ կարող է ընդհանրապես սնանկանալ այդ ձեռնարկությունը, և պարտքը մնա պետության վրա»։
Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների ծախսերի արդյունավետությունը հասկանալու համար, տնտեսագետի խոսքով՝ պետք է նայել արտահանումների դինամիկան. «Եթե արտահանումն անկում է ապրում, դու շարունակում ես վարկեր վերցնել, այդ տոկոսադրույքը, որ վճարելու ես, անարդյունավետ է, վտանգավոր։ Բարեբախտաբար, մեր արտահանումն աճել է, ինչը հույս է տալիս, որ այդ վարկերն արդյունավետություն ապահովել են, բայց այդ արդյունավետությունն ինչքանով է շատ, ինչքանով է քիչ, դա է հարցը։ Արդյո՞ք այդ արտահանման աճը կայուն է, որովհետև պարտքը կայուն է, ուզենք-չուզենք՝ աճելու է։ Պետք է ամեն ինչ անենք, որ արտահանումն ավելի աճի»։
Նա ընդգծեց՝ իրականում Հայաստանը փող ունի, բայց հարցն այն է, թե ինչքանով է դա արտադրողական դարձնում Հայաստանի տնտեսությունը. «Այսինքն՝ այդ մեկ միավորը բազմապատիկ եկամուտներ բերի տարիների ընթացքում, դա է բանաձևը։ Դրա համար պետք է նորարարություն, տեխնոլոգիա, կրթություն, լրիվ այլ տնտեսական կառուցվածք, որ կարողանաս արդյունավետ օգտագործել։
Օրինակ՝ աֆրիկյան երկրներն էլ մեզ նման փող ունեն, բայց չգիտեն՝ որտեղ ներդնել։ Հայաստանում երկարաժամկետ հատվածում հիմնական խնդիրը դա է։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանի տնտեսություն մտնող գումարը քանի տոկոսով է ավելին դառնում, քան պարտքի տոկոսն է։ Մեր միջազգային պահուստներով կարող ենք մինչև 2024թ. պետական պարտքը մարել՝ առանց լրացուցիչ պարտք վերցնելու։ Այսինքն՝ Հայաստանն ունի միջոցներ, այնպես չէ, ոչ չունի, բայց եթե ոչինչ չփոխենք ու որոշենք այդ փողը ծախսել մեր տնտեսության համար, միանգամից տեղի կունենան փոխարժեքի այնպիսի տատանումներ, որ ավելի վատ կլինի իրավիճակը, որովհետև տնտեսությունը չի կարող կլանել այդ գումարը»։
Նա մտահոգիչ է համարում, որ տնտեսական աճը պայմանավորվում է լեռնահանքարդյունաբերությամբ. «Տնտեսության այն հատվածը, որը չի աշխատում, կարող է էլի չաշխատել, և լեռնահանքային արդյունաբերությամբ կարող ենք յոլա գնալ: Մի տնտեսություն, որտեղ կա 17 տոկոս գործազրկության ցուցանիշ, սա արդեն խոսում է շատ անառողջ տնտեսություն ունենալու մասին»։