
Անցած 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներն ապրիլի 11-ի նիստում ամփոփել և կարծիք են հայտնել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների արդյունքները: Այս մասին կուսակցության ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ ամրապնդման գործում: Դեռ առիթ կլինի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ 10 տարիներին ու ոլորտ առ ոլորտ կներկայացնենք բոլոր ձեռքբերումները: Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը և 2018-ի Հայաստանը տարբեր են ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին նախաձեռնող քաղաքականության, Արցախի հիմնահարցում ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ամրապնդելու առումով»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաև թերություններ:
«Քննարկել ենք նաև Կարեն Կարապետյանի կառավարության 1.5 տարվա գործունեությունը: Շնորհակալություն ենք հայտնել 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, և, մասնավորապես, Կարեն Կարապետյանին այս 1.5 տարվա արդյունքների համար»,- շեշտեց Շարմազանովը: